ԿարևորՔաղաքական

Արդարադատության խորհուրդն ի զորու է իր առջև դրված խնդիրները լուծել. ԱԺ- ում քննարկվեց նաեւ դատական համակարգը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»
Խորհրդարանն այսօր քննարկել է Արդարադատության խորհրդում ԱԺ քվոտայով նշանակվող անդամների հարցը: Սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավոր, հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված 2-ական իրավաբան-գիտնական։

Խորհրդարանի կողմից նշանակված անդամներից  մեկի պաշտոնավարման ժամկետը լրացել է, իսկ մյուս տեղը թափուր է:  ՀՀԿ խմբակցության կողմից  այսօր 2 թեկնածություն է առաջադրվել. թեկնծուներից մեկը Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն է, մյուսը՝ Արդարադատության խորհրդի  անդամ  Գրիգոր Բադիրյանը։

Դիմելով Գագիկ Ղազինյանին՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց. թեև պաշտոններ չեք զբաղեցրել, բայց  համակարգի առանցքային ներկայացուցիչն եք.  1996-ից ղեկավարում եք ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ «Դուք, ընդհանրապես, պատասխանատվություն զգո՞ւմ եք այսօրվա իրավիճակի համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետին, որ Հայաստանում կա փակ շղթա, հարուստ հայրիկների զավակներն ընդունվում են իրավաբանական ֆակուլտետ, հետո դառնում քննիչ, դատավոր, դատախազ և արդյունքում՝ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ դատական համակարգը, որի ակունքներում 96-ից դուք կանգնած եք, ամենակոռումպացվածն է ՀՀ-ում»:

«Պատասխանատվություն  զգում եմ ոչ ավելի, քան դուք»,- ի պատասխան պատգամավորի հարցին՝  ասաց  Ղազինյանը: Ինչ վերաբերում է կոռումպացվածությանը, ապա «շատ հեշտ է Փաշինյանին, նրա կամ  մեկ ուրիշ թերթի  մեղադրել՝ հանրային կարծիքը  վկայակոչելով, հայտնի չէ, թե այդ հանրային կարծիքը ում է ներկայացնում, պատվերով, կաշառքով հոդվածներ գրելու ու մարդկանց սևացնելու  մեջ:   Բայց շատ ավելի հեշտ է խոսել  փաստերով, ոչ միայն Ձեր թերթի հրապարակումներում, այլ՝  ընդհանրապես մամուլում»։

Իրավաբանական ֆակուլտետի դեկանը համաձայն չէր պատգամավորի դիտարկմանը, թե դատական կոռումպացված համակարգի փակ շղթայի մի օղակը  նաև իրավաբանական ֆակուլտետն է: ֆակուլտետի գիտելիք ունեցող ուսանողը երբեք որևէ խոչընդոտի չի հանդիպել և չի հանդիպի, ամբիոնից հայտարարեց  Ղազինյանը։

Արդարադատության խորհրդում գիտնական իրավաբանի թափուր պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն Գրիգոր Բադիրյանն էր, ով նույն  խորհրդում պաշտոնավարել է արդեն 2 անգամ և նրա դեպքում խոսքը պաշտոնավարման ժամկետի ավարտի մասին է: Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը Բադիրյանից հետաքրքվեց. 96-ից պաշտոնավարելով այս կառույցում ի՞նչ է կարծում, Արդարադատության խորհուրդը կարողանո՞ւմ է արդյոք իրացնել  Սահմանադրությամբ իրեն տրված առաքելությունը «ոչ թե որպես պատժիչ մարմին, այլ որպես դատավորների անկախության ապահովման մարմին»։

Բադիրյանի համոզմամբ՝ «առկա են բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ թերացումներ, բայց համոզված եմ, որ Արդարադատության խորհուրդն ի զորու է իր առջև դրված խնդիրները լուծել»:

Արդարադատության խորհուրդը սահմանադրական այն կառույցն է, որը կազմում և հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների,  նրանց  առաջխաղացման ցուցակները, առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները,  և ամենակարևորը՝ սա այն կառույցն է, որին վերապահվում է  դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավունքը։

ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանին վերջին տարիների վիճակագրությունն էր հետաքրքրում. քանի  դատավոր է կարգապահական տույժի ու պատասխանատվության ենթարկվել: 2008-ին, օրինակ, կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 1 դատավոր, 2012-ին՝ 22  դատավոր է ենթարկվել  կարգապահական տույժի, 2013-ի հունիսի դրությամբ՝ արդեն 13- ը: Իսկ ինչի՞ համար են  պատժվել այդ դատավորները: «Որպես կանոն, դատավորները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության առավելապես նյութական կամ դատավարական նորմերի առավել կոպիտ խախտումների համար, ինչպես նաև դատավորի էթիկայի կանոնների խախտման համար»,- ասաց Գրիգոր Բադիրյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button