Հասարակություն

Ազատամարտիկների սոցիալական խնդիրները կլուծվեն, խոստացել է սոցապնախարարը

Ազատամարտիկների սոցիալական խնդիրների քննարկման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ  Ասատրյանը հանդիպել է նրանց ներկայացուցիչների հետ։ «Հանդիպման օրակարգը ձևավորել ենք ձեր առաջարկով: Նկատի ունենալով, որ սոցիալական պաշտպանության ոլորտի մասին տեղեկացվածության պակաս կա, նաև հաշվի առնելով ձեր կողմից բարձրացված խնդիրները, հանդիպման սկզբում նախարարության պատասխանատուները ձեզ համառոտ տեղեկատվություն կտրամադրեն ձեր իրավունքների, արդեն իսկ կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին,  կպատասխանեն ձեր բոլոր հարցերին>>,- նախարարի խոսքերն է մեջբերված գերատեսչության կայքում։

Նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության, հաշմանդամների և տարեցների հիմնախնդիրների, աշխատանքի և զբաղվածության վարչությունների պետերը, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալը և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնակատարը ներկայացրել են մատչելի տեղեկատվություն ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների իրավունքների, նրանց արտոնությունները սահմանող իրավական ակտերի, գործող ծրագրերի մասին:

Նրան նաեւ ներկայացրել են յուրաքանչյուր ոլորտի 2014թ. անելիքները, մասնավորապես՝ որոշակի առաջնահերթություններ են սահմանվելու ավանդների փոխհատուցման,  զբաղվածության ակտիվ ծրագրերում ազատամարտիկներին ընգրկելու համար, ՀՀ ԱՍՀ նախարարի ուղեգրով, նախարարության միջոցով պետական պատվեր իրականացնող առողջապահական կազմակերպություններում ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներն ավճար ստանալու են բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ, ավելանալու են արտոնությունների դիմաց վճարվող դրամական օգնությունների,  կենսաթոշակների չափերը, հստակեցվելու է հաշմանդամ ազատամարտիկների անհատական վերականգնողական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման կարգը և այլն:

Նախատեսված փոփոխություններն արդյունավետ իրականացնելու համար, ըստ Արտեմ Ասատրյանի, անհրաժեշտ է կատարել մարտական գործողությունների մասնակիցների ընդհանուր հաշվառում: Նախարարը տեղեկացրել է, որ  ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի միասնական հաշվառման համակարգի, ազատամարտիկների կարգավիճակը հստակեցնելու խնդիրներով:

 

Back to top button