Վերլուծական

Քրդական գործոնը տարածաշրջանում մեծանում է, ասում է թուրքագետը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
Անորոշությունն ու փոխադարձ անվստահությունը հարցականի տակ են դրել թուրք- քրդական հաշտեցման գործընթացը, համոզված է թուրքագետը, ՀԳԱԱ-ի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Լեւոն Հովսեփյանը: Ըստ նրա` Թուրքիայից քրդական զինյալների դուրսբերման գործընթացի կասեցումը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով, մասնավորապես` Սիրիական բախումներում քրդական գործոնի ակտիվացմամբ: Փաստացի այսօր Սիրիայում առկա է քրդական ինքնավարություն, ինչը մտահոգում է նաեւ Թուրքիային:

Թուրքագետի կանխատեսմամբ` այս անորոշ իրավիճակը դեռեւս շարունակվելու է, զուգահեռաբար բանակցությունները կշարունակվեն մինչեւ 2014 թվականը:Լեւոն Հովսեփյանը միաժամանակ հնարավոր համարեց, որ Թուրքիայի տարածքում զինված գործողությունները վերսկսվեն, ու ավելի լայն թափով: Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները վերջին շրջանում հայտարարել են, որ Թուրքիային կարող են սպառնալ նոր ձեւաչափի պատերազմներ:

Լեւոն Հովսեփյանը նկատեց նաեւ, որ քրդական ուժերը փորձում են քաղաքական հարթության մեջ նոր դերակատարում ստանալ Թուրքիայում, այսինքն` դառնալ քաղաքական գործոն: Այս սցենարը չի բացառում քրդական հոզումներ Թուրքիայում, որի հետեւում կարող է կանգնած լինել ՔԴԿ-ն: Թուրքագետը կարծում է, որ Թուրքիան, սիրիական ճգնաժամի այս փուլում, քրդական ինքնավարությանը դեմ չի լինի, սակայն իր մոտեցման մասին չի մոռանա, այն է` քրդական ինքնավարությունը Թուրքիայում սպառնալիք է իր անվտանգությանը:

Շատ բան կախված է նաեւ սիրիական զարգացումներից: Թուրքագետը չի բացառում, որ Թուրքիան կջանա, որ Սիրիայում ապստամբներն ու քրդերը բախվեն եւ նման միտումն արդեն նկատելի է, քանի որ գնալով տարածաշրջանում մեծանում է քրդական գործոնի նշանակությունը:     

Ցուցադրել ավելի
Back to top button