Ճարտարագիտականն արդեն ունի միջազգային մակարդակի լաբորատորիաներ


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը։ 2011 թվականի նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդի հանդիպման ժամանակ հայտարարվեց հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ստեղծման անհրաժեշտության մասին, իսկ արդեն 2012 թվականի մայիսին այդ լաբորատորիաները հիմնադրելու վերաբերյալ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
Լաբորատորիաներ ստեղծելու ծրագիրը միտված է տեխնոլոգիաների և նորարարության միջոցով ուժեղացնել Հայաստանի ճարտարագիտության ոլորտի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` միջազգային չափանիշներին համապատասխանեցնելով ՀՊՃՀ կրթական և հետազոտական կառույցները: Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացվեցին լաբորատորիաները, որոնք կսպասարկեն ՀՊՃՀ վեց ֆակուլտետների 24 մասնագիտություններով սովորող շուրջ 2000 ուսանողի։ Նրանց կտրամադրվի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորեց այսօրինակ լաբորատորիաների առկայությունը մեր հանրապետությունում։ Մոտ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում ստեղծվելու է ժամանակակից գիտակրթական և գիտահետազոտական բազա` պետություն- մասնավոր հատված, միջազգային կազմակերպություններ համագործակցության եռանկյան շղթայում: Լաբորատորիաները ուսանողներին կտրամադրի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն` նրանց մասնագիտական ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու նպատակով: «Սա կնպաստի, որ մեզ մոտ սովորող ինժեներները տիրապետեն ժամանակակից տեխնիկային և այդ պատրաստվածությամբ մտնեն տնտեսություն, որտեղ արդեն ներդրվում են ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներ` սկսած ավտոմատ հոսքագծերից, առանձին սարքավորումներից, ռոբոտներից, որոնց գերակշիռ մեծամասնության և’ կառավարումը , և’ չափագրումն ու հաշվառումը էլեկտրոնիկայով է»,- ասում է նախարարը։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի խոսքով` սրանք են այն կարևոր բաղադրիչները, որոնց հիման վրա էլ գիտատար տնտեսությունը պետք է սպասարկվի ժամանակակից, որակյալ ճարտարագիտական կրթությամբ և հետազոտություններով: Ռեկտորը վստահեցնում է, որ այսուհետ համալսարանը կդառնա նոր իմացությամբ և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ինժեներական մտքի դարբնոց:
Ըստ նախարար Արմեն Աշոտյանի` պետության ուշադրությունը և ներդրումները բուհական համակարգի արդիականացման մեջ այսքանով չի սահմանափակվում: Կրթության և գիտության նախարարության կողմից մրցակցային հիմնադրամի շրջանականերում նախատեսված է ամբողջովին արդիականացնել համալսարանի տեղեկատվական ցանցային ողջ տնտեսությունը, որի համար տրամադրվել է 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Հայաստանում նման մեծ ներդրումը պայմանավորված է, ըստ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի, գիտելիքահենք տնտեսության առկայությամբ։