ԿարևորՏնտեսական

Հայ եւ ռուս գործարարների երեւանյան հանդիպումը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Երևանում այսօր  հայ գործարարները հանդիպել են ՌԴ Տոմսկի մարզի գործարարների հետ: Սա,  ըստ էության,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը,  հայտարարությունից հետո առաջին ռուս- հայկական համաժողովն  է: 
Կազմակերպիչը առևտրարդյունաբերական պալատն էր, որի    գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը վստահեցրեց, որ իրենք հայ-ռուսական հարաբերությունների նոր որակի «առաջին ծիծեռնակները»  չեն:

Այսօրվա միջոցառմանն  այս տարվա մարտից են նախապատրաստվել:  «Նմանատիպ համաժողովները հայ և ռուս գործարարներին հանդիպելու հնարավորություն են տալիս»,- ասաց ու հավելեց՝ հարկային օրենսդրությունը շտկման կարիք ունի,  բացի այդ «երևի թե պետք է   հնարավորություն տալ ոչ միայն նրանց, ովքեր մեկ միլիոն դոլարից ավելի սարքավորումներ են Հայաստան ներկրում, որոշ արտոնություններ են ստանում, ավելի փոքրի համար ևս պետք է տալ, որպեսզի ներդրումների հանրավորւթյուն տրվի»։

Անձամբ Արայիկ Վարդանյանը կարծում է, որ օտարերկրյա ներդրողներին «պետք է ուղղորդել, պետք է ասել, այ, ներդրումներն այստեղ կատարեք: Եթե կառավարությունը ինչ- որ առաջնահերթություններ է սահմանել, պետք է ուշադրությունը դրանց վրա կենտրոնացնել: Օրինակ՝ Երևանում այժմ հինգաստղանի հյուրանոցներ են կառուցում, դրանց կարիքը չկա, կարծում եմ, պետք է երեքաստղանի հյուրանոցներ կառուցել»։

Հայ գործարարնեը հանդիպեցին Տոմսկի մարզի գործարարների հետ: Երևան  քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը փոխանցեց համագործակցելու շատ մեծ ցանկությունը։ «Ես պատրաստ չեմ  ձեզ ասել, թե մենք ինչ ենք ուղարկում Տոմսկ, բայց ուզում ենք ուղարկել, և ուզում ենք սկսել աշխատանքները»։

«Հայկական  աշխատուժը գրագետ ու պատրաստված է, հայերը  շատ արագ են սովորում,  դա միջազգային շուկայում լուրջ առավելություն է, ասաց: Բնականաբար նաև թերություններ ու խնդիրներ ունենք։ «Դա մեր աշխարհագրական դիրքն է, մենք ինչ- որ բաներ կարող ենք և տանել, և գուցե ավելի էժան  բերել, բայց ճանապարհները առայժմ լուրջ խոչընդոտ են մեր բիզնեսի համար: Հեռավորությունը, թանկությունը, երկաթուղու բացակայությունը նույնպես խոչընդոտ են»,- ասաց Կարեն Մարտիրոսյանը։

Հավելենք, որ վաղը ռուս գործարարները վանաձորցի գործարարների հետ հանդիպելու և քննարկումներ կազմակերպելու հնարավորություն կունենան:

Ցուցադրել ավելի
Back to top button