Հասարակություն

Հայ եւ ադրբեջանցի փորձագետները ԼՂ խնդրի կարգավորման առաջարկություններ են ներկայացրել

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ հունիսի 15-18-ը  Վրաստանի մայրաքաղաքում տեղի են ունեցել ԼՂ հակամարտության  թեմային նվիրված  քննարկումներ: Միջոցառումն իրականացվել է «Հաղթահարելով փակուղին» նախագծի շրջանակներում: Ծրագրի աջակիցներն են  ԱՄՆ-ի Ջորջ Մեյսոնի անվան  համալսարանի  Հակամարտությունների կարգավորման  և վերլուծության  ֆակուլտետի Խաղաղության, ինչպես նաև Հակամարտությունների փոխակերպման «Իմեջին»  կենտրոնները: Քննարկումների արդյունքում ծնվել է մի շարք առաջարկություններ պարունակող փաստաթուղթ, որը, փորձագետների համոզմամբ, նպաստելու է  երկու ժողովուրդների միջև վստահության վերականգնմանը: 
Բաքվից ու Ստեփանակերտից հետո հայ ու ադրբեջանցի փորձագետների  թբիլիսյան քննարկումների արդյուքում ծնված փաստաթուղթի շուրջ կլոր սեղանի հերթն այսօր Երևանինն էր: Մասնակիցների առջև խնդիր էր դրված նախ  գնահատել փաստաթղթի դրական ու բացասական կողմերը, դրա հնարավոր կիրառելիությունը,  նաև ներկայացնել առաջարկներ` ծրագրի հետագա փուլերի վերաբերյալ:

Ծրագրի երևանյան համակարգող, «Եվրոպական ինտեգրացիա» հկ վարչության անդամ Կարինե Օհանյանն ասում է, որ փաստաթուղթը ծնվել է բավականին թեժ քննարկումների արդյունքում և առանձին կետերի շուրջ համաձայնությունները ձեռք են  բերվել  բավականին դժվար: Այդուհանդերձ`   փորձագետներն ընդհանուր առմամբ աշխատել են վստահության մթնոլորտում` գիտակցելով, որ իրենց թերևս փոքր, բայց կարևոր մասնաբաժինն են բերում  խնդրի խաղաղ կարգավորման գործում։

«Խնդրի կարգավորման վերաբերյալ իշխանությունների ու հասարակությունների մոտեցումները հաճախ տարբերվում են: Եթե հասարակությունը պատրաստ չէ, խնդրի կարգավորումն անհնար է նույնիսկ, եթե նախագահներն ինչ- որ փաստաթղթեր ստորագրեն: Իսկապես՝ կարևոր է, թե ինչի մենք պետք է ձգտենք, որն է առավելագույն նշաձողը  ադրբեջանցի մեր գուրծընկերների հետ աշխատանքի արդյունքում, դա այն է, որպեսզի  քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկներն իրենց տեղը գտնեն  ԵԱՀԿ Մինսկի խմբի սեղանին»,- ասում է Կարինե Օհանյանը։

Հայ և ադրբեջանցի փորձագետների ներկայացրած փաստաթուղթը  քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանին հաճելիորեն զարմացնում է: Նրա խոսքով՝ հայաստանյան բազմաթիվ հկ –ներ ունեն ադրբեջանցի գործընկերներ, որոնց հետ համագործակցում են տարբեր ծրագրերի շրջանակներում: Ըստ վերլուծաբանի՝ հատկապես երիտասարդների շրջանում կա իրական հետաքրքություն` վերջապես որքան է շարունակվելու այս թշնամանքը երկու հարևան ժողովուրդների միջև և կա՞ արդյոք հնարավորություն խաղաղությամբ և երկխոսությամբ կարգավորելու  խնդիրը: Արամ Սաֆարյանի բնորոշմամբ՝ վերոնշյալ ծրագիրն այս առումով բավականին լուրջ առաջընթաց է։

Ծրագրի առաջին փուլը նախատեսում է քայլեր, որոնք միտված են երկու  ժողովուրդների միջև վստահության վերականգնմանը: Այդ նպատակով փորձագետներն առաջարկում են, օրինակ`  անցկացնել մշտադիտարկում և հակամարտության գոտում տեղի ունեցող  բոլոր միջադեպերի վերաբերյալ   տվյալներ բազա ստեղծել, մշտադիտարկման ենթարկել պաշտոնատար անձանց  ելույթներն ու հայտարարությունները, ինչպես նաև հակամարտության կողմերի  լրատվամիջոցների բովանդակությունը, արձանագրել դրանցում առկա մարդատյացության,  ատելության ու բռնության դրսևորումները, ձեռնարկել  հստակ միջոցներ, որոնք ուղղված կլինեն  ԶՈՒ շփման գծում  խաղաղ բնակիչների և զինվորականների մահվան դեպքերի  կանխմանը, ձևավորել այնպիսի  իրավական նորմերի և վարքականոնների ժողովածու, որոնք կարգելեն  ելույթներում և հայտարարություններում  ուժի սպառնալիքի կիրառումը:

Նման առաջարկություններ պարունակող  փաստաթղթի տակ ադրբեջանցի գործընկերների  կնիքի առկայությունն արդեն  հայաստանյան կլոր սեղանի մասնակիցները ոչ միայն հաճելի, այլև զարմանալի են համարում: Երևանում կազմակերպված կլոր սեղանով այսօր ավարտվեց փաստաթղթի շուրջ քննարկումների շարքը, ինչ է սպասվում հաջորդիվ։

Ցուցադրել ավելի
Back to top button