ԿարևորՔաղաքական

ԵՄ- ի հետ կշարունակենք համագործակցել այնքանով, քանի դա չի հակասի ՄՄ- ին

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

«Հանձնակատար Ֆյուլեի հետ հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ ընդգծվեց Հայաստանի կողմից արտահայտված ցանկությունը՝ հնարավոր բոլոր ձևաչափերով և ուղղություններով շարունակել զարգացնել հնարավորինս սերտ և խորը համագործակցությունը Եվրամիության հետ, շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն բոլոր դրականի, ձեռքբերումների հիման վրա, որոնք արձանագրվել է վերջին տարիներին Հայաստանի և Եվրամիության միջև, որքանով որ դա հնարավոր կլինի Եվրամիության կողմից և որը չի հակասի Հայաստանի որոշմանը մասնակցել, անդամակցել Մաքսային միությանը»,- այսօր ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ փակ հանդիպումից հետո  լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ այս հարցը քննարկվել է Վիլնյուսում ԵՄ նախագահող երկրի՝ Լիտվայի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Իսկ ահա խորհրդարանական ուժերի կարծիքը ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին իրարամերժ էր։ Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները նշեցին, որ իրենց բոլոր հարցերի պատասխաններն իրենք ստացել են։

ՀԱԿ- ից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բովանդակային պատասխան չի լսել, ԲՀԿ- ից Նաիրա Զոհրաբյանը չի ստացել՝ ի՞նչ է շահելու Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու հարցի պատասխանը, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի համար էլ սա հանդիպում էր՝ ասելու համար, որ քննարկում է եղել։ ՀՅԴ- ից Արմեն Ռոստոմյանը նշեց, որ Ռուսաստանը ձեւավորում է աշխարհաքաղաքական բեւեռ եւ միայն տնտեսական համագործակցությամբ սա չի ավարտվի։ Սեպտեմբերի 3- ից Հայաստանը փոխել է իր արտաքին քաղաքականության վեկտորը, ասաց Արմեն Ռոստամյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button