Մշակույթ

Դերասանի տան բեմը շարունակում է Փոսի թատրոնի ավանդույթները

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/100913thieter.mp3
Հայաստանի թատերական գործիչների միությունը սեպտեմբերի 10-ից  26-ը կներկայացնի Դերասանի տան բեմում իրականացված վերջին շրջանի թվով 11 ներկայացումները, որոնց մուտքը ազատ է լինելու: Ինչպես հայտնեց Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը, որպես հարթակ ընտրվել է  Դերասանի տան բեմը, որն այս տարի նշում է իր 5-ամյակը։

Վերջին 2 տարում բեմը անվճար տրամադրվում է բեմադրությունների ներկայացման համար: Դրանց կազմակերպման համար առկա էն անհրաժեշտ պայմաններ, թեպետ 5 տարի առաջ հավաքված գումարը արդեն սպառվել է։ Ներկայացումների շարքը այսօր կբացի ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանի մասնակցությամբ «Խոստովանություն» մոնոդրաման, որն  այս տարի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Վահրամ Փափազյան» հատուկ մրցանակին, իսկ Կիևում կայացած «Վիդլունյա» փառատոնին ստացավ գլխավոր մրցանակը։

Դերասանի տան բեմը մի բաց հարթակ է ինչպես ճանաչված, այնպես էլ երիտասարդ արվեստագետների համար: Այստեղ իրենց  աշխատանքներն են ներկայացնում Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի ուսանողները: Դրանց թվում էր և դերասան Արմեն Մարգարյանը, ով հանդես կգա «Մահը թակում է դուռը» ներկայացմամբ։

Այս բեմը, շատերի դիտարկմամբ, շարունակում է ժամանակին շատերի կողմից սիրված Փոսի թատրոնի ավանդույթները` ստեղծելով անմիջական շփման մթնոլորտ: Այստեղ դերասանը ստիպված բացում է իր ամբողջ ներուժը, նշեց Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Լևոն Մութաֆյանը։ 5-ամյա բեմը ըստ էության կատարեց և շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները՝ շարունակելով հայ թատրոնի դարավոր ավանդութները։

 

Ցուցադրել ավելի
Back to top button