ԿարևորՀասարակություն

Անգամ կառավարությունը չկարողացավ Փակ շուկայի սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի դեմն առնել, ասում է Ճարտարապետների միության նախագահը

 Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման նախաձեռնող խումբն այսօր  վեց կետից բաղկացած նամակ է հանձնել պատկան մարմիներին՝ Երեւանի քաղաքապետին, մշակույթի նախարարին, անշարժ գույքի կադաստրի պետին, գլխավոր դատախազին, հանրապետության ոստիկանապետին։ Նամակում ասվում  է, որ «այսօր տեղի է ունենում հանրապետական հուշարձանը դիտավորյալ կերպով վնասելու հրապարակային գործողություն, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածով նախատեսված հանցագործություն է, մինչդեռ դուք անգործության եք մատնվել և, ըստ էության, նպաստում եք այդ հանցագործությունը ավարտին հասցնելու գործին` վերածվելով հանցակիցների»։

Հայաստանի ճարտարապետների միությունը երկու տարի անընդմեջ պայքար տարավ, որպեսզի Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարությունը դադարեցվի, սակայն պայքարը այդպես էլ արդյուք  չտվեց, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Առաջին իսկ պահից միությունը  նամակներ ուղարկեց ՀՀ նախագահին, մշակույթի նախարարությանը, քաղաքապետարանին, դատախազությանը, պատասախան ստացան միայն դատախազությունից, որտեղ ասվում էր, որ հանցակազմի բացակայությաւն պատճառով չեն կարող սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկել։

Ճարտարապետների միության նախագահը փաստում է, որ սա միակ դեպքն էր, երբ իշխանությունը եւ հասարակությունը միակարծիք էին, բայց նույնիսկ նման պարագայում հնարավոր չեղավ փրկել հուշարձանը: Նա նկատում է, որ օրենսդրական դաշտում հստակ ամրագրված են հուշարձանների պաշտպանության բոլոր մեխանիզմները, սակայն չկա այդ օրենքները կիրառելու քաղաքական կամք։ Օրենքում հստակ սահմանված են հուշարձանի նոր սեփականատիրոջ առջեւ դրվող պահանջները, բայց Մկրտիչ Մինասյանը ավելի քան համոզված է, որ Փակ շուկայի սեփականատիրոջը չեն բացատրել շենքի մշակութային արժեքը եւ նրա առջեւ հուշարձանին խնամքով վերաբերելու պահանջ չեն դրել:

Մկրտիչ Մինասյանն այսօր նշեց, որ հայ ժողովուրդը կորցրեց իր հուշարձաններից մեկը։ Նման հանգամանքում ցանկացած երկրում պետք է առնվազն մի քանի նախարար հրաժարական տար, բայց նման բան մեր երկրում տեղի չի ունենում: Անգամ կառավարությունը չկարողացավ Փակ շուկայի սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի դեմն առնել: «Փակ շուկայի տարածքում հավաքվող մի խումբ մարդիկ ասում են, որ այդտեղ «կռիսանոց» էր, գարշահոտ էր, վերջապես մաքրվեց, բայց դա հարցի բոլորովին այլ կողմն էր: Պետք էր, այո՛, մաքուր պահել հուշարձանի տարածքը, բայց ոչ այն աղճատել: Իրական արժեքները պահպանելու խնդիր միշտ ու ամենուր եղել է, ու յուրաքանչյուր երկիր փորձում է պահպանել մշակութային արժեքները ու ցույց տալ աշխարհին, որ ժառանգություն ունի, բայց մենք հակառակն ենք անում՝ ոչնչացնում ենք»,- ասաց նա:

 

Back to top button