Հողը կորցրել է ուժը, չի օգնում անգամ պարարտանյութը, դժգոհում է գյուղացին


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզի Արգավանդ համայնքում, ինչպես գյուղացին է ասում, հողի բերածը սոխն է, սեխը, պղպեղը, մասամբ էլ լոլիկն ու սմբուկը։ Գյուղի հողերն այնքան էլ բերրի չեն, հողը կորցրել է իր ուժը և այն չի վերականգնվում նույնիսկ ազոտական շատ պարարտանյութ օգտագործեկու ժամանակ: Թեպետ երկու տասնամյակ է անցել հողերի մասնավորեցումից, սակայն նրանք հաճախ են հիշում խորհրդային տարիներին հողերի մելիորացիայի և բարձրորակ պարարտանյութերի ու թունաքիմիկատների մասին, որոնց օգտագործումն ապահովում էր բարձր բերքատվություն:
Սուսաննա Հակոբյանի մշակած հողի զգալի մասը` շուրջ 3000 քմ, զբաղեցնում են լոլիկի, սմբուկի և պղպեղի տարածքները: Վաղ առավոտյան նա արդեն հանդում էր ու պղպեղ էր հավաքում, իսկ լոլիկի բերքից դժգոհում է։ Չկտրվելով բերքահավաքից խոսեց իր աշխատանքի դժվարությունների մասին՝ նշելով, որ այժմ իր հողամասից 2-րդ բերքն է հավաքում, 1-ին բերքից զրկվել էր կարկտահարության և անորակ բուժանյութերի պատճառով։
Սուսաննան նշեց, որ թունաքիմիկատները ձեռք են բերում տարբեր վաճառքի կետերից, սակայն բոլորն էլ անորակ են և չեն տալիս ցանկալի արդյունք: Իսկ թե ինչ խառնուրդով են դրանք, հողագործները փորձաքննության տանելու ժամանակ չունեն: Դրանով պետք է զբաղվեն պատկան մարմինները: Պարարտանյութը դարձյալ ձեռք են բերել շուկայից` մեկ պարկը 12 հազար դրամով, իսկ գյուղապետարանի տրամադրած պարարտանյութի հերթն իրեն չի հասնում: 20 պարկ պարարտանյութի համար վճարել է 240 հազար դրամ։
Հողերի պարարտացման եղանակներից է նաև գոմաղբն ու տեղական արտադրության հեղուկ պարարտանյութը, սակայն երկուսն էլ ձեռնտու տարբերակ չէ, քանի որ թանկ արժեն, կիրառումը նույնպես թանկ է նստում հողօգտագործողի վրա: Սուսաննա Հակոբյանը հողի մշակության համար շուրջ 4 մլն վարկ ունի, դժվարությամբ հասցնում է մարել միայն տոկոսները: Լոլիկից օգուտ չքաղած հողատերն այժմ պղպեղի բերքն է հավաքում, որը դեռ մշակման գործընթաց է անցնելու, որից ստանալու է կարմիր աղացած պղպեղ։
Աղացած պղպեղի շուկայական գինը նախորդ տարվա համեմատությամբ կիսով չափ նվազել է, 1 կգ- ն անցած տարի 2000 դրամ են վաճառել, իսկ այժմ վաճառվում է 1000 դրամով: Պղպեղի դաշտերն արդեն սկսել են չորանալ և քիչ բերք կտա: Բերքն իրացնում են մեծածախ շուկայում կամ ապրանքափոխանակության են տանում Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղեր։