Հասարակություն

Հայաստանում է Որակի ապահովման եվրոպացի փորձագետների խումբը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին ընդունել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում արտաքին գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան այցելած Որակի ապահովման եվրոպացի փորձագետների խմբի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բուհերի հավատարմագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու ծրագրերը:

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ինստիտուտի, ինչպես նաև բուհերում կրթության բարձրակարգ ստանդարտների ներդրումը: Այդ առումով, արդեն իսկ իրականացրել ենք մեծածավալ աշխատանքներ»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կարևորագույն նպատակներից մեկն է ստեղծված հավարատմագրման հանձնաժողովի աշխատանքի անկախության ապահովումը:

Այնուհետև, փորձագետների խնդրանքով ներկայացվել են բարձրագույն կրթության բնագավառում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու դրանց ուղղությունները: Փորձագետներն իրենց աջակցությունն են հայտնել բուհերի հավատարմագրման աշխատանքների իրականացմանը և ողջունել Հայաստանի կառավարության նման քաղաքականությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button