ՀասարակությունՏնտեսական

Հայաստանը եւ սննդի անվտանգությունը, փորձում ենք ինքնաբավ երկիր դառնալ

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Գյուղատնտեսության նախարարությունում այսօրվանից  մեկնարկել է հանրային բաց քննարկումների և բանավեճերի ամենշաբաթյա ծրագիրը։ Հաշվի առնելով պարենային ինքնաբավության հետ կապված այսօրվա մարտահրավերները՝ քննարկման առաջին թեման ընտրվել է Հայաստանի պարենային անվտանգությունը։          Արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկրի կառավարությունը գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է  հռչակել, պետությունը դեմքով դեպի գյուղն ու գյուղացին է շրջվել: Այն, որ դրանից գյուղացու հոգսերը գրեթե չեն թեթևացել, գիտենք, բոլորս: Սակայն ոլորտը կարգավորող գյուղատնտեսության նախարաության պաշտոնյաները շարունակում են վստահեցնել, որ իրենք աշխատում են ուժերի ամբողջ եռանդով:

Գյուղատնտեսության ոլորտում զբաղված է  շուրջ 500 հազար մարդ: Նրանց մեծ մասը դժգոհ է  հնամաշ գյուղտեխնիկայից, ոռոգման ջրի մատակարարումից: Դժգոհությունների շարքը կարելի է  շարունակել։ Դրա մասին նաև պատկան մարմինները գիտեն։ ԳՆ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը  թվարկում է այն հիմնական 18 պատճառները, որոնց պատճառով վարելահողերի մի մասը չի  մշակվում։ «Վարելահողերի չմշակման պատճառների ուսումնասիրություն արվել է, դրա պատճառները բազմազան են։ Մեկը, որ մեծ տեսակաարար կշիռ է կազմում, տվյալ գյուղատնտեսության ցածր շահութաբերությունն է, հիմնախնդիրների մեջ է հողերի կտրտվածությունը, իրացման համակարգի անկատարությունը և իրացման խնդիրների առկայությունը, ոռոգման համակարգով պայմանավորված ջրամատակարարման ցածր մակարդակը, տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակը։ Որոշ տարածաշրջաներում, հատկապես Տավուշում, սահմանամերձ գոտում մշակման համար վտանգավորության աստիճանն է բարձր։

Գյուղատնտեսութունը բացառիկ դեր ունի երկրի պարենային անվտանգության ապահովման գործում: Պարենային անվտանգությունը բնորոշո կարևորագույն ցուցանիշը ինքնաբավության մակարդակն է։ Վերջին հինգ տարիների տվյալներով՝ առաջնահերթ պարենային մթերքի ինքնաբավության մակարդակը, գնահատված էներգետիկ արժեքով, կազմում է գրեթե վաթսուն տոկոս: Վիճակն այլ է առանձին պարենամթերքների մասով։ «Օրինակ՝ կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, պտղի, հատապտղի, խաղողի, մանր եղջերավորների մսի և ձվի համար ապահովում է բավականին բարձր ինքնաբավության մակարդակ, միջինից որոշակի բարձր  ինքնաբավության մակարդակ գոյություն ունի կաթի, կաթնամթերքի, ինչպես նաև տավարի մսի համար: Իսկ որոշակի կարևորագույն պարենամթերքների համար հիմնախնդիր գոյություն ունի, և այդտեղ ինքնաբավության   մակարդակը դեռևս բավականին ցածր է»,- ասում է Հրաչյա Ծպնեցյանը։

Սա վերաբերում է ցորենին, եգիպտացորենին, հատիկաընդեղեն մշակաբույսերին։ Ցորենի ինքնաբավության մակարդակը ՀՀ-ում 35-40 տոկոսը չի գերազանցնել, նրա ինքնաբավության մակարդակի բարձրացումը սահմանված է Պարենային անվտանգության ռազմավարությունում: Գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը անասնապահությունն է: ՀՀ-ում տարեկան արտադրվում է գրեթե 330 մլրդ դրամի  կենդանական ծագման մթերք։ ՉՆայած հանրապետությունում վերջին տարիներին նկատվում է անասնագլխաքանակի աճ, այդուհանդերձ, թռչնի և խոզի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս բավականին ցածր է։ «Մս
ի սպառման ծավալները հանրապետությունում վերջին տարինեբրին աննշան աճել է, միայն 2012թ հանրապետությունում մսի արտադրության ծավալներն ավելացավ գրեթե  3,8 հազար տոննայով և կազմեց  74 600 տոննա: Աստիճանաբար մսի ինքնաբավության որոշակի միտումներ են նկատվում բաձրացման առումով»,- ասում է ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։

Ձվի արտադրության և սպառման ծավալների պատկերն այլ է: 2009 թ, մինչ այժմ, ըստ էության, ձվի արտադրությունը գերազանցում է սպառման ծավալներին: Տարեկան կտրվածքով հանրապետությունում սպառվում է 700 մլն հատ ձու: Մի քանի տարի առաջ Հայաստանում նաև ձվի գերարտադրություն էր նկատվել:  Արտադրողները փորձել են կարգավորել հարցը, ներքին սպառման համար են արտադրում՝ ձվի սպառումը բավարար է: Պատկերը նույնը չէ թռչնի մսի մասով։ «Ներկրման ամենամեծ ծավակները թռչնի միսն է, այն առանձին տարիներին հասնում է տարեկան 35 հազար և ավել տոննայի: Մինչդեռ մեզ մոտ թռչնի մսի արտադրությունը կազմում է ընդամենը ինը հազար տոննա, թռչնի մասով ինքնաբավության մակարդակը շատ  ցածր է՝ գրեթե 25 տոկոս: Տավարի մսի ներկրումը սովորաբար մոտավորապես տասը հազար տոննայի սահմաններում է, խոզի մսինը՝  դրանից քիչ՝ 6-7, մինչև անգամ տարեկան ութ հազար տոննա։ Ոչխարի միս գրեթե չի ներմուծվում հանրապետություն, ընդհակառակը՝ արտահանվում է  հիմնականում ԻԻՀ և արաբական որոշ երկրներ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում հանրապետությունից արտահանվել է 150-180 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի։ Վրաստանը պատրաստ է տարվա ցանկացած եղանակի  Հայաստանից հատկապես տավարի միս ներմուծել, սակայն տավարի մսի արտահանումը ձեռնտու չէ, քանի որ այստեղ ինքնաբավության խնդիր ունենք: Բացի այդ՝ գոմեշի միս ներկրող  երկրի այս մասով պատասխանատուները նպատակահարմար չեն գտնում, որ երկրից որակյալ տավարի միս արտահանվի։

Ցուցադրել ավելի
Back to top button