Մշակույթ

Լոռին՝ օտար նկարիչների աչքերով

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Հայաստանի տաք գույները» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված աշխատանքները ստեղծվել են 2012 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում կայացած «Հայկական ներկապնակ» բացօթյա գեղանկարչության միջազգային փառատոնի օրերին Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Լիտվայի, Լեհաստանի, Հայաստանի արվեստագետների մասնակցությամբ:  Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Նկարիչների միությունը, Լոտու մարզպետարանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը, «Փյունիկ» հիմնադրամը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:

Օտարազգի  նկարիչների վրձնած Լոռվա բնաշխարհում, ըստ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ Սամվել Խալաթյանի, իրենց  ազգին բնորոշ գույներով է ներկայացված  Հայաստանը: Ցուցասրահում ներկայացված ավելի քան 150 գեղանկարչական աշխատանքները հիմնականում բնանկարներ են, պատմաճարտարապետական հուշարձանների պատկերներ, հիշարժան վայրեր: Թեև ցուցադրված նկարների գերակշիռ մասում ներկայացված էր Լոռվա բնանկարը, սակայն ներկայացված էին նաև 1-ին փառատոնից որոշ բնութագրական աշխատանքներ: «Հայկական ներկապնակ» միջազգային փառատոնը մեկնարկել է 2010 թվականին Արցախում, անցել է Վայոց ձորով, շարունակվել Շիրակի մարզում, ավարտվել Տավուշում:

«Մենք արդեն 3-րդ տարին է, որ դուրս ենք եկել համահայաստանյան փառատոն լինելու կարգավիճակից և արդեն շուտով  Գյումրիում կանցկացնենք երրորդ միջազգային պլենարային բացօթյա նկարչության  փառատոն»,- հայտնեց Սամվել Խալաթյանը։ Նշեմ, որ փառատոնը նվիրված կլինի Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելուն:

Ցուցադրել ավելի
Back to top button