Եվրոպակա՞ն, թե՞ Մաքսային միություն. Ուկրաինան որոշումը կընդունի հանրաքվեով


«Եվրամիություն կամ Մաքսային միություն մտնելու Ուկրաինայի որոշումը կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով»,- ասել է Ուկրաինայի նախագան Վիկտոր Յանուկովիչը «Ուկրաինա» հեռուստակայանի «Շաբաթվա իրադարձությունները» վերլուծական հաղորդման ժամանակ:
Ուկրաինայի ղեկավարը չի բացառել, որ հանրաքվեի մասին օրենքում խորհրդարանը կարող է փոփոխություններ մտցնել: «Մենք այդ օրենքը դեռ երբեք չենք կիրառել: Հնարավոր է, որ այն բարեփոխվի»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Ուկրաինան պատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր, որի մի մասը վերաբերում է ազատ առևտրի գոտում համագործակցությանը: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Ուկրաինային հրավիրում են Մաքսային միություն և արդեն տրամադրել են դիտորդի կարգավիճակ, սակայն Կիևը հայտարարում է, որ պատրաստ չէ լիարժեք մտնել Մաքսային միություն: