Ասադն ապացույցներ է պահանջում


Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ԱՄՆ- ից ապացույցներ է պահանջել, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում հենց իր կողմնակիցներն են կիրառել քիմիական զենքը, հայտարարել է Փի Բի էս և Սի Բի էս հեռուստակայանների հաղորդավար Չարլզ Ռոուզը՝ Սիրիայի առաջնորդի հետ նախագահական նստավայրում կայացած զրույցից հետո։
«Ասադն ասաց, որ չկա ապացույց, որ ես քիմիական զենք եմ կիրառել սեփական ժողովրդի դեմ: Եթե ԱՄՆ վարչակազմը ապացույցներ ունի, թող ներկայացնի», — Սի Բի Էս- ի եթերում Ռոուզը փոխանցել է Սիրիայի նախագահի խոսքերը: Ենթադրվում է, որ հարցազրույցն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի այսօր:
Լրագրողի խոսքով. «Ասադն ամերիկացիներին ասելիք ունի այն մասին, որ նրանք Մերձավոր Արևելքի հակամարտություններին ու պատերազմներին ներքաշվելու բացասական փորձ ունեն, դրական արդյունքներ չեն տվել և, որ այժմ պետք է կոչ անեն իրենց օրենսդիրներին թույլ չտալ Սիրիան ռմբակոծել»:
Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում սա Ասադի առաջին հարցազրույցն է ամերիկյան հեռուստակայաններին: