

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ուղեկցությամբ և 105 պատգամավորի ներկայությամբ 5-րդ գումարման խորհրդարանն այսօր սկսե] 4-րդ նստաշրջանի աշխատանքը: Օրենսդիրների առաջին քայլը մեծ ու փոքր օրակարգերի հաստատումն էր, որի ընթացքում էլ հենց արձանագրվել է ընդդիմություն– մեծամասնություն առաջին բանավեճը: Ընդդիմադիր գործիչներն ու ԲՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են Մաքսայաին միությանն անդամակցելու որոշմանը՝ նկատելով, թե խորհրդարանն ամբողջությամբ անմասն է մնացել գործընթացից: Խորհրդարանի խոսնակը Մաքսայան միությանն անդամակցելու հարցի շուրջ խորհրդարանական քննարկում կազմակերպելուն ընդահանուր առմամբ դեմ չի արտահայտվել , բայց նաև նշել է, որ հարցն առայժմ մի փուլում է, երբ ԱԺ անելիքն այդքան էլ պարզ չէ:
Ներկայացված օրակարգը որևէ կապ չունի այն իրավիճակի հետ, որում մոսկովյան իրադարձություններից հետո հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը՝ ԱԺ-ի ՝ այսօր մեկնարկած նստաշրջանի առաջին նիստին, հենց օրակարգի հաստատման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ խորհրդարանը մեկուսացել է ընթացող գործընթացներից ու դրանց վերաբերյալ անգամ փորձագիտական մակարդակով տեղեկությունների չի տիրապետում: Փաշինյանը կարծում է, որ թեման խորհրդարանում անհապաղ քննարկման կարիք ունի, իսկ քննարկման տարբերակներ կան: «Առաջարկում եմ, քառօրյան սկսել միջպետական որևէ պայմանագրի քննարկումով և խորհրդարան հրավիրել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, նախագահ Սերժ Սարգսյանին, ովքեր օրենսդիր մարմին կտան անհրաժեշտ ու հրատապ պարզաբանումներ»։
Միջազգային որևէ պայմանագրի պատրվակով արտգործնախարարին խորհրդարան հրավիրելու կարիք չկա, առաջարկին այսպես արձագանքեց ԱԺ նախագահը: Նա ընդհանուր առմամաբ քննարկում կազմակերպելուն դեմ չէ, բայց նաև կարծում է, որ այս փուլում խորհրդարանի անելիքն այնքան էլ պարզ չէ: «Դա նախագահի լիազորությունն է, նախագահը տվել է իր համաձայնությունը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: ԱԺ-ն իր լիազորությունները կօգտագործի այն ժամանակ, երբ այդ համաձայնագրերը կգան Ազգային ժողով»:
Փաստաթղթերը , որոնք կգան Ազգային ժողով, ածանցյալ են այն իրավիճակին, որում հայտնվել է մեր երկիրը: Սա արդեն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դիտարկումն էր, ում կարծիքով, անկախ համաձայնագրերի բովանդակությունից, խորհրդարանի համար նվաստացուցիչ է այն ընթացակարգը, որը տանում է դեպի այդ համաձայնագրի հնարավոր վավերացում: Ըստ Հակոբյանի՝ խորհրդարանի չմասնակցելը որևէ բացատրություն չունի։ «Խորհրդարանը իրավունք չունի իր պատասխանատվությունը չկիսել այս ճակատագրական պահի համար»:
Նույն խմբակցության անդամ, բայց այլ՝ «Ազատ դեմոկարտներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն իր հերթին նկատեց՝ խոսքը ոչ թե գյուղատնտեսական ոլորտին վերաբերող պարզ համաձայնագրի, այլ երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող փաստաթղթերի մասին է: Ըստ Արզումանյանի՝ խորհրդարանական քննարկումն անհրաժեշտ է մինչև համաձայնագրերի կազմումը: «Մինչև որևէ գերատեսչություն մտնի դետալային քննարկումների մեջ Մաքսային միության պաշտոնյաների հետ, մենք պետք է քննարկած ու որոշած լինենք՝ տալի՞ս ենք այդպիսի մանդատ, թե՞ ոչ»։
Խորհրդարանական քննարկում կազմակերպելու առաջարկին ԱԺ նախագահն ընդահնուր առմամբ դեմ չէր, բայց համաձայն չէր ընդդիմադիրների այն տեսակետին, թե օրենսդիր մարմինն անտեսվել է կամ միանձնյա որոշում է կայացվել: Խորհրդարանակն մեծամասնության հետ հարցը քննարկվել է, շեշտեց Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ որևէ պաշտոնյա չի ասել, թե Ասոցացման համաձայնագիրը չի նախաստորագրվելու կամ Հայաստանը հրաժարվելու է դրանից: Այս հայտարարությանն արձագանեց Ալեքսանդր Արզումանյանը, «Համաձայնագիրը ստորագրվում է երկկողմ համաձայնության դեպքում: Պարոն Աբրահամյան, Ձեր ասածը նույնն է, թե ասեք` հարսին տվել են ուրիշին, բայց մեկ է, ես պսակվելու եմ: Այսօր հստակ է, որ երկրորդ կողմը հրաժարվում է այդ համաձայնագրից»:
Խորհրդարանական օրվա ավարտին արդեն հայտնի էր, որ պատգամավորները արտգործնախարարին Ազգային ժողովում կհյուրընկալեն վաղը, բայց ոչ թե լիագումար նիստերի, այլ դրանից դուրս քննարկման շրջանակում: Վաղն օրվա առաջին կեսին արտաքին հարաբերությունների և եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին կիրազեկի Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող զարգացումների մասին: