ԿարևորՀասարակությունՏնտեսական

Սեւանի խնդիր, գյուղատնտեսություն, ավտոճանապարհաշինություն. ՀՀ նախագահի այցը Գեղարքունիքի մարզ

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Գեղարքունիքի մարզ այսօրվա աշխատանքային այցի առաջին կանգառը Գավառ քաղաքում  գտնվող «Սևան» հանքային ջրերի մշակման և արտադրության գործարանն էր, որտեղ նա ծանոթացավ 2010 թվականից մեկնարկած ծավալուն շինարարական և վերանորոգման աշխատանքներին: 1953 թվականին հիմնադրված գործարանը տարեկան արտադրել է մոտ 150.000 շիշ հանքային ջուր և ունեցել է 15 աշխատող: Տարիների ընթացքում զարգացնելով և ընդլայնելով գործունեության ծավալները՝ այն հասել է տարեկան մոտ 20 մլն շշի։

«Պլանավորել ենք, որ 2014 թվականին գործարանը բացենք, տանք արտադրանք: Սկզբնական ժամանակահատվածում կբացվի  80-ից 120 աշխատատեղ, փորձելու ենք 2 տարվա ընթացքում 20  մլն շիշ արտադրանքը  թողարկել, արդեն սպառում ունենալ»,- ասում է գործարանի տնօրեն Միսաք Բալասանյանը։ Արտադրանքի 40 տոկոսը կսպառվի Հայաստանում, իսկ 60 տոկոսը` կարտահանվի ԱՊՀ տարածք , ինչպես նաև Եվրոպա և ԱՄՆ:

Ներկայում գործարանի տարածքում կառուցվում է 12 լողավազան` ձկնաբուծության և խեցգետնի բազմացման համար, որն էլ, ըստ գործարանի տնօրենի, նախատեսվում է վերամշակել և շուկային առաջարկել որպես պատրաստի խորտիկներ:

Այնուհետև հանրապետության նախագահը Գեղարքունիքի մարզպետարանում  անցկացրեց խորհրդակցություն Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Սևանի հիմնահարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի փոխանցմամբ` խորհրդակցության ընթացքում քննարկվեցի Սևանա լճի հարցերով հանձնաժողովի այս տարվա կատարած աշխատանքների վերաբերյալ  հաշվետվությունը և լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների վերականգնման խնդիրները:

«Մենք 2 ուղղությամբ ենք աշխատել: Առաջին ուղղությամբ զգալի հաջողություններ ունենք արհեստական վերարտադրության ոլորտում: Վերջին տարիներին կառավարությունը 428 մլն դրամ փող է հատկացրել և լիճ է բաց թողնվել 1 մլն 800 հազար մանրաձուկ, որն էլ հնարավորություն է տվել  որոշ չափով ավելացնել էնդեմիկ 2 ձկնատեսակների քանակությունը»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Գավառի Արծվաքար թաղամասն էր, որտեղ նախագահը եղել էր անցյալ տարի գարնանը և բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել վերանորոգել Արծվաքար տանող ավտոճանապարհը: Այսօր արդեն երկրի ղեկավարը ծանոթացավ Արծվաքարի ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է 2013 թ.  պետական բյուջեով նախատեսված ճանապարհների հիմնանորոգման ծրագրով:

Երկուսուկես կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքերը մեկնարկել է այս տարվա հունիսի 17-ից: Ճանապարհաշինարարական աշխատանքների պատվիրատուն  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտ» Ծիգ պետական հիմնարկն է, որի  տնօրեն Ալեքսանդր Բախտամյանի վստահեցմամբ` աշխատանքները կավարտվեն այս հոկտեմբերի վերջին։ Արծվաքարեցիների համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհի վերանորոգումը շատ կարևոր էր:

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր և Ձորագյուղ համայնքներում Սերժ Սարգսյանին ներկայացվեցին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուսրենրի կառավարման և մրցունակության ծրագրի» շրջանակներում հիշյալ համայնքներում հեռագնա արոտների ջրարբիացման ծրագրի արդյունքները: Ծրագիրը, ըստ ՀՀ գյուղնախարարի, իրականացվում է անասնապահական  ուղղվածություն ունեցող հանրապետության 6 մարզերի  50 համայնքներում, իսկ այս տարի խնայված միջոցների հաշվին ավելացվել է ևս 13 համայնք:

Գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոսքով` անասնաբուծության  ոլորտը զարգացման համար լիարժեք չէր օգտագործում իր հնարավորությունները; Պատճառը հեռագնա արոտների թերօգտագործումն է։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ կառավարությունը ձեռնամուխ է եղել մշակել անասնապահության զարգացման ծրագիր, որի նպատակն է աջակցել լեռնային և սահմանամերձ այն համայնքներին, որտեղ  անասնապահությունը ապրելու հիմնական  աղբյուրն է:

Աշխատանքային այցի վերջում հանրապետության նախագահը Մարտունու քաղաքային մշակույթի տանը ներկա կգտնվի «Սևանա լիճ-2013» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button