Տնտեսական

Գնաճի հաջորդ ալիքն սպասվում է Ամանորի շեմին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Նոր ուսումնական տարվա մեկնարկին, ավանդաբար, նախորդում է գնաճի նոր ալիք: Այս տարի ևս բացառություն չէր:  Գների և սակագների թանկացումը կրում է համատարած և շարունակական բնույթ, սակայն, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում եկամուտների աճը զգալի զիջում են թանկացման տեմպերին: Անվերահսկելի թանկացումների արդյունքում սոցիալական բարեկեցության մակարդակը նվազում է, նշում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

Կոմունալ ծառայությունների սակագների թանկացումները հանգեցրեցին գնաճի շղթայական ռեակցիայի, ընդ որում, կառավորության կողմից նախանշած ցուցանիշներից ավելի բարձր: Պողոսյանին հավատ չեն ներշնչում և պաշտոնական վիճակագրական տվյալները։ Ըստ Սպառողների միության նախագահի՝ թանկացումները շատ հաճախ պայմանավորված են լինում տնտեսության արդյունավետության ցածր մակարդակով։

Արմեն Պողոսյանին մտահոգում է, որ ուսումնական տարվա մեկնարկին նախորդում է գների զգալի աճը հատակապես դպրոցական հագուստի և պարագաների մասով՝ վերածվելով ծանր հոգսի ծնողների համար։ Գնաճի ներկայիս տեմպերը մտահոգիչ են և  տնտեսագետ Սամվել Ավագյանի համար: Ըստ նրա դիտարկման՝ թանկացումների տեմպերը զգալիորեն ավելացել են այս տարի՝ կազմելով 9,3 տոկոս։

Մրգերի ապրանքախմբում արձանագրվել է 25 տոկոս, բանջարեղենի` 32, կոմունալ ծառայությունների՝ 19 տոկոս գնաճ։ Տնտեսագետը նկատեց, որ այս գյուղմթերքի թանկացումը տեղի է ունենում բուսաբուծության ոլորտում արձանագրված 8 տոկոսանոց արտադրության աճի ֆոնի վրա։

Փորձագետների կարծիքով՝ գնաճը կրում է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթ: Ըստ Արմեն Պողոսյանի՝  վարվող տնտեսական քաղաքականությունը անտրամաբանական է: Տարիներ շարունակ տնտեսական աճ ապահովող շինարարությունը անարդյունավետ էր` շատ տարածքներ և բնակարաններ այսօր էլ մնացել են առանց պահանջարկի: Ինչևէ, հաջորդ մեծ թանկացման ալիքը, ըստ ավանդույթի, տեղի կունենա Ամանօրի շեմին: 

Ցուցադրել ավելի
Back to top button