Հասարակություն

Վրացական նեկտարը, հայկական մեղրն ու հայ- վրացական հարաբերությունները

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»
25 տարի առաջ Լեյլա Հովհաննիսյանը հավաքեց ճամպրուկները, վերցրեց առաջին անհրաժեշտության իրերն ու գիշերով իր սիրելի հետ մեկնեց  Վրասատան։ Հայրական տունը չէր լքի, եթե ամենակարող սերը չլիներ: Լեյլայի հայրը համաձայն չէր, որ աղջիկը ամուսնանա վրացահայի հետ, բայց, ինչպես այսօր ժպիտով հիշում է տիկին Լեյլան, չլսեց հորն ու ամուսնացավ։ «6 երեխա ունեմ, երեքի անունները հայկական են, մյուս երեքինը՝ վրացական: Այդպես ենք արել, որ սկեսուրս չնեղանա, քանի որ նա ազգությամբ վրացի է»,- ասում է զրուցակիցս ու պատմում, որ ամուսնու ընտանիքին գրեթե բոլորն են ճանաչում, նրանք հանրահայտ մեղվապահ Ղուկասյաններն են: «Այդպիսի մեկը չկա Շռոմա գյուղում, որ գոնե մեկ անգամ օգտված չլնի մեր մեղրից»,- ասում է։

Տիկին Լեյլան Ուռեկի հանգստավայրի շուկայում վաճառում է միրգ, բանջարեղեն, համեմունքներ և, իհարկե, մեղր։ «Ես հենց իմանում եմ, որ մեկը եկել է Երևանից, չեք պատկերացնի` ոնց եմ ուրախանում, հայրենիք ուշ- ուշ եմ գնում, վերջին անգամ 12 տարի առաջ եմ եղել: Խոսակցականից հենց հասկանում եմ, որ Երևանից եկած հայ են, ուրախանում եմ: Մի տեսակ Գիքորի օրն եմ ընկնում, սաղից հարցուփորձ անում, իսկ եթե ապրանք են առնում, ամպայման էժան եմ տալիս»,- պատմում էր տիկին Լեյլան։

Մինչ մենք զրուցում էինք, նրա հարևանությամբ առևտուր էր անում ազգությամբ թուրք մի կին: Վերջինս սկսեց իր մայրենի լեզվով բարձր տոնով խոսել զրուցակցիս հետ: Ես զարմացած նայում էի ու միայն զրուցակցիս ռուսերեն պատասխանելուց հետո հասկացա, որ խոսքը ինձ էր վերաբերվում:։ «Ինձի ասում ա` քո հայը գալիս քո մոտ ա առևտուր անում, իմ մոտ չի գալիս: Ասում եմ` քո մոտից էլ են առնում, էդ քո աչքին ա երևում: Սկզբում շատ էի նեղվում, բայց հիմա չէ»,- ներկայացնում է նա:
Զրուցակիցս սկսեց պատմել. «Երբ սկսվեց վրաց- օսեթական պատերազմը, ոչ մեկ սկզբում չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Այդ տարիներին ով հնարավորություն ունեցավ, փախավ, ով չէ` մնաց այստեղ ու տանջվեց: Ամենավատ վիճակում հայտնվել էին վրացիները, շատ ընտանիքներ եղան, որ ուղղակի սարերով փախան: Վրացիք չուզեցին, որ մենք գնանք: Ասեցին՝ մեզ կպահեն։ «Այդ տարիներին, իհարկե, շատ հայեր ու վրացիներ եղան, որոնք վախենալով իրենց կյանքի համար` փոխեցին ազգանունները: Ես էլ էի սկսզբում ամուսնուս համոզում, որ նման բան անի, քանի որ երեխաներիս համար շատ էի մտածում, բայց ամուսինս ազգանունը չփոխեց»,- պատմում է տիկին Լեյլան:

Խոսակցությամբ տարված չէինք նկատել, որ արդեն հերթ էր գոյացել տիկին Լեյլայի տաղավարի մոտ, մեղր էին ուզում գնել: Ինձ մնում էր ասել ցտեսություն ու հեռանալ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button