Միջազգային

Ստալինի արձանը հանում են տեղադրելուց մեկ շաբաթ հետո

Մեկ շաբաթ առաջ վրացական Թելավի քաղաքում տեղադրված Իոսիֆ Ստալինի արձանը պետք է ապամոնտաժվի, որոշել են քաղաքային իշխանությունները։ Ինչպես լրագրողներին հայտնել են քաղաքապետարանի ներկայացուցիչները, «Ստալինելի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղադրված արձանը «պետք է ապամոնտաժվի հնգօրյա ժամկետում կազմակերպության միջոցներով»,- հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Եթե կազմակերպությունը որոշումը չկատարի, ապա արձանը կհանեն քաղաքային իշխանությունները։ «Ստալինելիի» ղեկավար Շոթա Լազարիշվիլին հայտարարել է, թե չեն պատրաստվում դա անել։  «Անհասկանալի է, ո՞ւմ է այն խանգարում։ Մենք չենք պատրաստվում ապամոնտաժել, եւ նման աշխատանքների համար գումար կազմակերպությունը չունի»,- ասել է նա։

Թեեւ գումարներ չկան, սակայն Լազարաշվիլին խոստացել է կրկնն տեղադրել արձանը, եթե իշխանություններն ապամոնտաժեն։ Միաժամանակ՝ կազմակերպության ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել իշխանությունների որոշումը չեղյալ հայտարարելու օգտին։ Ի դեպ՝ Ստալինի արձանի տեղադրումից հետո անհայտ անձինք այն ներկել էին կարմիր գույնով։

Ցուցադրել ավելի
Back to top button