Հասարակություն

Արմավիրին պետբյուջեից հատկացված գումարի 80 տոկոսը տրվել է դպրոցաշինությանը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»
Արմավիրի մարզի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման 4-րդ ծրագրով այս տարի պետական բյուջեից  հատկացվել է  ավելի քան 1 միլիարդ 261 մլն 448 հազար դրամ: Հիմնական միջոցներն ուղղվել են կրթօջախների վերանորոգման, գազիֆիկացման, բազմաբնակարան շենքերի տանիքների, խմելու, ոռոգման ցանցի  հիմնանորոգման և այլ խնդիրների  լուծման նպատակով։

Մարզերի համաչափ զարգացման նպատակով  3 տարվա ընթացքում  Արմավիրի մարզին հատկացվել է շուրջ 5,5 միլիարդ դրամ, որի  80 տոկոսից ավելին ներդրվել է դպրոցաշինության մեջ:  Արմավիրի մարզում  հրատապ կամ առաջնահերթության կարգով լուծում պահանջող խնդիրներն ըստ ոլորտների  դասակարգվել  են և դրանից ելնելով  փուլ առ փուլ`  իրականացվել:  3 տարվա ընթացքում մարզում  արդեն  4 ծրագիր է իրականացվել, իսկ տրամադրված գումարի մեծ մասը ներդրվել է դպրոցաշինության մեջ: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ կարինե Դանիելյանը նշեց, որ այս տարի 17 դպրոց և մեկ մանկապարտեզ է ընդգրկվել 4 ծրագրում։

Դպրոցներում հիմնական  ուշադրությունն  ուղղված է տանիքների ու պատուհանների վրա, որից հետո շարունակվում են ներքի հարդարման կամ հիմնանորոգման աշխատանքները: Դա պայմանավորված է հատկացված դրամական միջոցներով: Քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ կրթօջախների հիմնանորոգման գործընթացը շարունակական է և ավարտական տեսքի բերելու համար  կառույցներում  վերանորոգման աշխատանքներն ընդգրկվում են նաև հաջորդ ծրագրերում։

Չորրոդ ծրագրով  Մրգաստան համայնքի միջնակարգ դպրոցում կաթսայատուն և լոկալ ջեռուցման համակարգ է կառուցվում, Դողս համայնքի դպրոցն է գազիֆիկացվել,  գազատարներ են  կառուցվում Փարաքար, Բերքաշատ և Ջանֆիդա գյուղերում: Լոկալ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում  առանահերթ փոխվել են պատուհանները, որպեսզի ձմռանը ծախսերը նվազեն: Բացի դպրոցներից Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքներում փոխվել են բազմաբնակարան շենքերի տանիքները։

Առաջնահերթ խնդիրների լուծման 4-րդ ծրագրով միջոցներ են տրամադրվել  Հայթաղ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի, Ալաշկերտի խմելու ջրի խորքային հորի, Լեռնագոգի ոռոգման  համակարգի վերանորոգման համար, թարմացվել  է մշակութային կառույցների գույքը, մարվել են նաև համայնքների սոցվճարների և աշխատավարձերի  ժամկետանց կրեդիտորական պարտքերը:

Ցուցադրել ավելի
Back to top button