Տնտեսական

Վարչապետի այցը Արագածտոնի մարզ (ֆոտոշարք)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007 թվականից մինչ այժմ ավելի քան 160 հա տարածութ­յան վրա հիմնվել են խաղողի այգիներ, տնկվել է 400 հազար խաղողի տնկի, մշակվում են կոն­յակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (10 հազար ծառեր` դեղձի, սալորի, խնձորի, ծիրա­նի, բալի և այլն), հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Տիգրան Սարգսյանը շրջել է այգիներով՝ ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և արդյունքին։ ՀՀ կառավարության 2010թ. որոշմամբ «Գոլդն Գրեյպ Արմաս»-ին տրվել է ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի 3 տարով երկարաձգման թույլտվություն: Ընդհանուր ներդրումների ծավալը, սկսած 2007թ-ից, կազմել է 15 մլն եվրո: Այժմ ընկերութ­­յունը խաղողի մշակումից անցում է կատարել վերամշակմանը: Ներդրում­նե­րի զգալի մասը (մոտ 7մլն եվրո) ուղղվել է գինու և կոնյակի գործարանի կա­ռուց­մանը, որի շինարարությունը մեկնարկել է 2010թ-ին:

2012թ. սեպտեմբերից նորակառույց գործա­րանը սկսել է խաղողի մթերման գործընթացն` ընդունվել է խաղող ինչպես ընկերության սեփական այգիներից (325տ), այնպես էլ տարբեր համայնք­նե­րից՝ Կոշ, Ագարակ, Ոսկեվազ, Նոր Եդեսիա, Սասունիկ, Արագածոտն, Շամիրամ (500տ), ընդունվել է նաև Եղեգնաձոր շրջանի Արենի տեսակի խաղող (50տ): Հաշվի առնե­լով նոր գործարանի արտադրական կարողությունները՝ հաջորդ տարիների համար նախատեսվում է մթերման ծավալները հասցնել 3-6 հազ տոննայի: Գործարանը հագեցվել է Granzotto իտալական արտադրության նորագույն սարքավորումներով: Ընկերությունն ԱՄՆ-ից ներկրել է նաև 1 մլն դոլար արժողությամբ բարձրակարգ գյուղատնտեսական և շինա­րա­րա­կան տեխնիկա:

Ներկայում արդեն իսկ մեկնարկել են գինու շշալցման աշխատանքները և շուկա են ներկայացվել «ArmAs» անվանումով կարմիր, սպիտակ և վարդագույն գի­նիներ: Իսկ 3 տարի անց կներկայացվի նաև առաջին կոնյակը: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ոչ միայն ներքին շուկայում, այլև արտերկրում՝ ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ, Ուկրաինա:

Խաղողի և պտղատու այգիների առկայությունը նպաստում է նաև Արագածոտնի մար­­զի ընդհանուր զարգացմանը, քանի որ այսօր իսկ ընկերությունում աշխատում են  շրջակա գյուղերի բնակիչները, հարյուրավոր ընտա­նիքներ էլ ստացել են իրենց հողատարածքները մշակելու հնարավորություն՝ վստահ լինելով, որ այսուհետ ստացված խաղողի բերքը կկարողանան մթերել նոր գործարանի պահանջները բավարարելու համար։ Ներկայում ընկերությունում աշխատում է ավելի քան 150 մարդ. նրանց մի մասը մշտական աշխատողներ են, իսկ մնացածը ներգրավված են սեզոնային աշխատանքներում՝ 100 հազ. դրամ աշխատավարձով:

Ընկերությունը նախաձեռնել է  նաև ագրո զբոսաշրջության զար­­գացմանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով տարածքում կա­ռուցվել է հյուրանոցային համալիր, որը գրեթե պատրաստ է շահագործման: Միաժամանակ հյուրերին հնարավորություն կընձեռվի զբոսնել խաղողի այգիներում, այցելել կոնյակի և գինու գործարան, դեգուստացիոն սրահ, տեսնել ողջ արտադրական գործընթացը, ծանոթանալ գինեգործության և կոնյակագործության ակունքների պատմությանն ու մշակույթին:

Ցուցադրել ավելի
Back to top button