Հասարակություն

Ոստիկանություն. Քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնությունները դադարեցնելու անգործության մեղադրանքներն անհիմն են

Ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ վերջին օրերին տեղի ունեցած հարձակումների եւ բռնությունների մասին՝ նկատի ունենալով ԶԼՄ- ների՝ այդ հանցարարքները բացահայտելու գործում ոստիկանության անգործության մասին մեղադրանքները։

«Այդ մեղադրանքներն անհիմն են։ Ոստիկանության ուշադրության կենտրոնում են թե վերջին շրջանում արձանագրված այդ կարգի բռնարարքները, թե դրանց արձագանքներն ու հիմնազուրկ հայտարարությունները:

Ոստիկանությունը հայտարարում է, որ հիշյալ բոլոր դեպքերով կատարվում է քննություն, ձեռնարկվում են համապատասխան և անհրաժեշտ աշխատանքներ, և այդ գործընթացում ակնկալում ենք նաև ականատես քաղաքացիների աջակցությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը կերաշխավորվի:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, պարզապես պետք է հասկանալ, որ ցանկացած բացահայտում ժամանակ է պահանջում: Իսկ կոնկրետ հիշատակվող դեպքերում «սրտացավ աղմկարարների» նկարագրությունները, որոնք ոստիկանության տրամադրության տակ են, հիմք են տալիս ենթադրելու, որ հանցարարքները նախապես կազմակերպված են: Ավելին, այդ նույն «մտահոգների» առարկայական նկարագրությունների հրապարակումն առավել զգուշավոր է դարձնում հանցամիտներին ու բարդացնում բացահայտման ընթացքը:

Հանրապետությունում այսպիսի տասնյակ դեպքեր են արձանագրվում, որոնք վաղ թե ուշ բացահայտվում են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ բացահայտվելու են նաև այս դեպքերը, հատկապես եթե «լրատվական մտահոգությանը» փոխարինի իրական, քաղաքացիական մտահոգությունն ու աջակցությունը:

Մեկ անգամ ևս բոլորին կոչ ենք անում օգնել այդ ոչ դյուրին աշխատանքում, իսկ եթե չեք օգնում, գոնե մի խանգարեք ոստիկանությանը, որն առաջին հերթին է շահագրգռված այս դեպքերի բացահայտմամբ, քանի որ դրանք սրում են օպերատիվ իրավիճակը, որի կայունության պահպանումը ոստիկանության գլխավոր խնդիրն է»,- ասված է հայտարարության մեջ։

Back to top button