Հրայր Թովմասյան. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը չի անդրադառնա Եվրամիության հետ համատեղ ծրագրերի շարունակության վրա


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Արդեն 2015 թվականից ամենքս կունենանք էլեկտրոնային ստորագրություն և հասցե, ինչը կդյուրացնի շփումները պետական մարմինների հետ: Բացի դրանից՝ թվայնացվելու է քաղաքացիական կացության ակտերի վերջին 30 տարիների տվյալների բազան` մոտ 10 մլն փաստաթուղթ։
Մոտ ժամանակներս նախատեսվում է քրեակատարողական համակարգի բարեփոխումներ, որոնց արդյունքում համապատասխան հիմնարկների թիվը կրկնակի կկրճատվի, իսկ պայմանները կբարելավվեն` ըստ եվրոպական չափանիշների: Նախարարը հայտնեց, որ Հայաստանի ազդարարված անդամակցությունը Մաքսային Միությանը չի անդրադառնա Եվրամիության հետ իրականացվող համատեղ ծրագրերի շարունակության վրա: Հոկտեմբերին Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստը: Այս կառույցում այսօր նախագահում է ՀՀ արդարադատության նախարարը:
Անդրադառնալով սպասվելիք սահմանադրական բարեփոխումներին կատարելու անհրաժեշտությանը՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնեց, որ հրամանագրում նշված են կոնկրետ խնդիրները, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների, իրավունքի գերակայության, իշխանության թևերի միջև զսպումների ու հակակշիռների, կատարելագործման կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հարցերը: Միևնույն ժամանակ՝ նա ձեռնպահ մնաց նշել սպասվելիք փոփոխությունների բովանդակությունը: