ՀասարակությունՏնտեսական

Գոշավանքը գրավում է զբոսաշրջիկներին, բայց…

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր». Թբիլիսի- Գոշ- Թբիլիսի

Տավուշի մարզի Գոշ գյուղն ամեն տարի հյուրընկալել է մոտ 360 հազար զբոսաշրջիկ, սակայն վերջիններս այստեղ գրեթե ոչինչ չեն թողնում. Գյուղի բնակիչները կարծում են, որ զբոսաշրջության գայթակղիչ հնարավորություններով իրենց գյուղում ցածր է տուրիզմի սպասարկումը: Այն ժամանակ, երբ աշխարհի շատ երկրներում իրավունք և օրենք եզրույթները հայտնի չէին, Հայաստանի հենց այս գյուղում է ծնունդ առել նաեւ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»: Այստեղ է Մեծ իրավագետը հիմնել Գոշավանքը։ Այստեղ ամեն կիրակի պատարագ է մատուցվում, ներկա են լինում ոչ միայն գյուղի բնակիչները, այլև բազմաթիվ օտարերկրացիներ։

Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում այստեղ, հիանում երեք եկեղեցիներից կազմված այս համալիրով, ձեռագրերով, ասեղնագործ խաչքարերով և գյուղի տարածքում գտնվող պատմական մյուս հուշարձաններով։

«Մենք տպավորված ենք այս հուշարձաններով, այստեղ ապրող մարդկանցով. նրանք բարեհամբյուր են ու հյուրասեր: Սիրեցինք ձեր երկիրը: Նիդեռլանդներից ենք եկել, ծանոթ ենք հայ ժողովրդի տխուր անցյալին և ուզում ենք այստեղ ավելին իմանալ»,- ասում է զրուցակիցս։

Սակայն զբոսաշրջիկներից շատ քչերն են գյուղում գիշերում: Ինչպես պատմաճարտարապետական արգելոցի տնօրեն Արծրուն Հովսեփյանն է ասում, նրանք հեռանում են գյուղից` գրեթե ոչինչ թողնելով այստեղ։  «Այս 360 հազար զբոսաշրջիկները ոչինչ չեն թողնում մեր գյուղում, որովհետև ոչինչ չկա. նորմալ թանգարանի շենք չունենք, որ նրանց գրավի, ներս մտնեն, եկեղեցիները վերանորոգված չեն, հյուրանոցներ չկան, սպասարկման դաշ չկա»:

Թեև վերջին տարիներին որոշ տեղաշարժ նկատվում է, այդուհանդերձ՝ դա այնպես չի գրավում զբոսաշրջիկին, որ նա որոշի մնալ ու տեսնել գյուղի ողջ գեցեկությունը: Ամերիկացի նկարիչներից մեկը այս գյուղի բնությունը համեմատել է Շվեցարիայի հետ. այստեղ կան սառնորակ աղբյուրներ, լճեր, բազմատեսակ հատապտուղներ, դեղաբույսեր: Գոշի կանայք դաշտերից հավաքում են այդ դեղաբույսերը, փաթեթավորում ու վաճառում: Տիկին Սեդան, ով Գոշավանքի բակում մաքրում էր դույլերը լցրած ուրցը։ «Հավաքում եմ, վաճառում եմ, որ ապրեմ: Մեկ փաթեթը 500 դրամ է»,- ասում է տիկինը՝ ափսոսալով, որ ձմռանը զբոսաշրջիկներ գրեթե չկան, այլապես՝ պատրաստ է չորացրած դեղաբույսերը վաճառքի հանել։

Ոմանք էլ գյուղ այցելողներին առաջարկում են իրենց ձեռքերով գործած գորգերը, ասեղնագործ աշխատանքներն ու այգիների բերք ու բարիքը։ Անդրանիկ Ամիրխանյանը էլ շրջում է տնետուն , փնտրում հին ու արժեքավոր իրերը: Նա գյուղի կենտրոնում վաճառքի է հանում հին սանտերք (բուրդ գզելու գործիք), ճախարակ և այլն։ «Այս սամավարը (ինքնաեռը. խմբ) վառում եմ փայտով ու վերևից ջուրը լցնում: Սա վաճառում եմ 100 հազար դրամով. հին է` 1802թ: Մեր տատերն են այս իրերը օգտագործել, բայց օրինակ այս արդուկը, որը աշխատում է կրակի տաք մոխիրով, մեզ պետք եկավ 90-ականնների սկզբին, երբ լույս չկար»:

Արգելոցի տնօրեն Արծրուն Հովսեփյանը, ով 1994-97թթ .Գոշի գյուղապետն էր, հիշում է, որ այն ժամանակ գյուղում կար 2000, իսկ այսօր 700 բնակիչ։ «Աշխատանք չկա, մարդիկ հեռանում են»,- ասում է։ Բայց քիչ չեն նաև նրանք, ովքեր իրենց գյուղից դուրս չեն կարողանում ապրել: Օրինակ 80-ամյա Վոլոդյա պապը պատմեց, որ որդիները ապրում են աշխարհի տարբեր երկրներում, ինքն էլ մի քանի տարի նրանց մոտ էր, բայց երկար չկարողացավ դիմանալ։ Ինչպես ինքն է ասում` հայրենիքը քաշեց։ «Հայրենիքը քաշում է, հետո օտար վայրում այլազգիներին ճնշում են: Հիմա մի փոքր հողամաս ունեմ ու մի քանի կենդանի եմ պահում, որ տղաներս գան ուտեն»։

Բայց ծերունին հուսով է, որ հաջորդ անգամ որդիները կայցելեն ոչ միայն իրեն տեսակցելու, այլև հայրենի գյուղում հաստատվելու, ինչի համար ամեն անգամ հեռախոսով համոզում է նրանց:

Back to top button