ԿարևորՔաղաքական

ԱԱԽ քարտուղարը չի բացառում՝ Հայաստանը կդառնա կամուրջ Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը պետք է բոլոր կենտրոնների հետ աշխատի, միշտ եղել եմ բալանսավորված քաղաքականության կողմնակից, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ներկայացնելով խորհրդի նիստում քննարկված հարցերը, որոնցից մեկն էլ առնչվում է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված Մաքսային միությանն առնչվող փաստաթղթերին։ «Ես համոզված եմ` շատ ժամանակ չի պահանջվի եւ հանրությունը թվերի լեզվով օգուտների մասին կտեղեկացվի: Սա հնարավորություն է տալիս մեր տնտեսությունն էլ ավելի զարգացնելու: Սա չի խոչընդոտում Բրույեսի, մյուս ուժային կենտրոնների հետ մեր համագործակցությունը: Մենք մեր հարաբերությունները կառուցում ենք` ելնելով ազգային շահերից: Որեւէ ճնշում Հայաստանի վրա չի եղել»,- նկատեց նա։

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԱԽ անդամներին ներկայացրել է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանը: Նա շեշտեց, որ Մաքսային միությանն առնչվող քննարկում Անվտանգության խորհրդում պարբերաբար է տեղի ունեցել եւ անիմաստ են այն խոսակցությունները, թե գաղտնի որոշում է կայացվել: Բաղդասարյանը շեշտեց, որ ԵՄ հետ ասոցացման պայմանագրի շուրջ աշխատանքներն ու Եվրասիական ուղղությամբ աշխատանքները զուգընթաց են տարվել: Այլ խնդիր է, որ մեկի մասին շատ ավելի է խոսվել:

Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն մի շատ կարեւոր պայմանագիր, որը ստորագրվեց ՌԴ նախագահի` Հայաստան կատարած այցի ժամանակ, հիշեցրեց Անվտանգության խորհրդի քարտուղարը: Նրա խոսքով` այն ժամանակ էլ եղան պարզունակ շահարկումներ, սակայն այդ պայմանագիրն իր մեջ ներառում էր երեք կարեւորագույն կետ։ «
Կարեւորագույն արձանագրում էր, լինելով բարդ տարածաշրջանում, ունենալով կարեւորագույն ռազմավարական դաշնակից, որը ստանձնում է պատասխանատվություն` համատեղ ապահովելու մեր երկրի անվտանգությունը»։

Ինչ վերաբերում է Մոսկվայում ստորագրված Մաքսային միությանն առնչվող  հայտարարությանը, դրա կարեւորագույն առանձնահատկություններից մեկը, ըստ Արթուր Բաղդասարյանի, այն է, որ «ՌԴ-ն առավել ակտիվ մասնակցություն է բերելու Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ դիվերսիֆիկացմանը: Սա նշանակում է նոր տնտեսական ծրագրեր ու ներկայություն Հայաստանում: Առաջիկայում կտեսնեք շատ խոշոր ծրագրեր Հայաստանում, որոնց շուրջ կան պայմանավորվածություններ: Հոկտեմբերի 1-3-ը Երեւանում տեղի կունենան ռազմական արդյունաբերության հետ կապված հայ-ռուսական հերթական քննարկումները եւ կհայտարարվի, թե ինչ հերթական առաջընթաց ունենք այս ոլորտում»:

Մաքսային միությանն անդամակցելն ամենեւին էլ չի խոչընդոտում ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը, քաղաքական ասոցացման պայմանագրի նախաստորագրմանը, լրագրողների հարցերին պատասխանելով ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը: «Քաղաքական ասոցացման համաձայնագրերը համաձայնեցվում են յուրաքանչյուր երկրի հետ: Ամեն երկրի կողմից սահմանվում է իրականացման որոշակի ժամանակացույց, այսինքն` քաղաքական ասոցացման ինչպիսի համաձայնագիր մենք պետք է ստորագրենք, դա պետք է որոշեն ԵՄ-ն եւ Հայաստանը»։

Ասոցացումը պետք է կյանքի կոչենք, այսինքն՝ քաղաքական համագործակցությունը Եվրամիության հետ պետք է խորացնենք: Սա Հայաստանի համար քաղաքական գերակայություն է: Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ այն երկիրը, որը կլինի կապող կամուրջ Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ: Մնացածը ցույց կտա բանակցային գործընթացը, եզրափակեց մեր երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button