Սիրիան պառակտել է ԱՄՆ Կոնգրեսը


Սենատի հանձնաժողովը ռազմական գործողությանը հավանություն տվեց
ԱՄՆ կոնգրեսի վերին պալատի միջազգային հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Սիրիայում ռազմական գործողություններ անցկացնելու մասին բանաձևին:Կողմ է քվեարկել 10 սենատոր, դեմ է եղել 7-ը։ Սենատն ամբողջ կազմով բանաձևը կքննարկի սեպտեմբերի 9-ից ոչ շուտ, երբ ԱՄՆ Կոնգրեսն ամառային արձակուրդից կվերադառնա։
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմության և խաղաղ բնակչության դեմ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենք կիրառելու մեջ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցը քվեարկության դնելու, որոշում էր կայացրել ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ և դիմել էր Կոնգրեսին հավանություն ստանալու համար:
Սիրիական իշխանություննները քիմիական զենք կիրառելու վերաբերյալ մեղադրանքները հերքում են:
Կոնգրեսականները չեն պատրաստվում Սիրիայի հարցը քննարկել ռուս խորհրդարանականների հետ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները մերժել է ռուսաստանյան խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման առաջարկությունը: Դաշնային Խորհրդի անդամներն առաջարկել էին ամերիկյան սենատորներին քննարկել իրավիճակը Սիրիայում:
Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի՝ Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդին ուղղված դիմումում նշվում է, որ ոչ բոլոր դիվանագիտական ուղիներն են օգտագործվել իրավիճակը կարգավորելու համար: Մատվիենկոն կոչ էր արել անել ամեն հնարավորը, որպեսզի Սիրիայում դրամատիկ իրադարձությունները չվերածվեն տարածաշրջանային մեծամասշտաբ աղետի:
Սիրիան կդառնա «Մեծ 20»- ի գագաթաժողովի հիմնական թեման
Սիրայում իրադրությունը և ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի հավանական կիրառումը կդառնան «Մեծ 20»- ի երկրների առաջնորդների բանակցությունների հիմնական թեման Սանկտ Պետերբուգում այսօր մեկնակող գագաթաժողովում: Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահը գագաթաժողովի շրջանակներում կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ Չինաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և այլ երկրների ղեկավարների հետ:
Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումը առայժմ չի նախատեսված, սակայն չի բացառվում, որ այն կկայանա և երկու երկրների նախագահները կքննարկեն Սիրիայի հարցը, որն ինչպես սպասվում է կդառնա գագաթաժողովի հիմնական թեմաներից մեկը, չնայած չի ներառված օրակարգում: