Քաղաքական

Պետք է մտածել Մաքսայինին միանալու արդյունքների մասին, ասում է քաղաքագետը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»
Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մեջ 80 տոկոսով հաղթեց աշխարհագրությունը, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ նշելով, թե մնացած չնչին մասն արդեն սուբեկտիվ գործոններով էր պայմանավորված։ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը «և… և»- ից հարցը տեղաշարժեց ու որոշակի հստակություն մտցրեց մեր երկրի արտաքին քաղաքական ուղեգծում, ու այս իրողությունից թող ոչ ռուսամետները ուրախանան, ոչ արեւմտամետները ողբ անեն, ասում է քաղաքագետը։

Ըստ նրա՝ այսօր պետք է մտածել արդյունքներ ստանալու մասին։ «Ուկրաինային դաս տալու նպատակ ուներ սա: Բացի դա՝ այս որոշումից հետո գազի գինը որոշակիորեն կմեղմվի»։

Հայաստանը պետք է շարունակի իր կոմպլեմենտար քաղաքականությունը, իսկ Եվրոպան թող ըմբռնումով մոտենա այս որոշմանը, ասաց Լևոն Շիրինյանը: Շատերը մտավախություն ունեն, թե Մաքսային միության միանալու քայլը հարվածի տակ է դնում Հայաստանի ինքնիշնությունը։ «Եթե ունենանք լավ քաղաքական ղեկավարություն, ապա մեր ինքնիշխանությունը չի նվազի, ինչպես օրինակ Բելառուսի կամ Ղազախստանի դեպքում»,- ասում է։

Եթե քաղաքագետ Լևոն Շիրինյանը խորհուրդ է տալիս արդյունքների մասին մտածել, ապա քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը այս քայլը ճակատագրական սխալ է համարում ու պնդում, որ այն հարված էր Հայաստանի հեղինակությանն ու միջազգային վարկին: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ կայացրած ամենամեծ սխալն էր՝ նրա համոզմամբ: «Կարծում եմ աննախադեպ ճնշումներ են եղել Հայաստանի վրա»,- ասում է։

Այդուհանդերձ՝ Ռուբեն Մեհրաբյանը նաև նշեց, որ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը անվտանգության դրույթ չի պարունակում, ինչն էլ ստիպել է Հայաստանին սեղմել Ռուսաստանի ձեռքը։

Back to top button