ԿարևորՏնտեսական

Մրցունակության համաշխարհային զեկույցից բխող հանձնարարականներ կառավարության այսօրվա նիստում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր անդրադարձել է երեկ հրապարակված Մրցունակության համաշխարհային զեկույցին, որտեղ  Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, բայց «մեզ համար չափազանց կարևոր է, թե ինչ չափանիշներով ենք մենք կարողացել բարելավել մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում և ինչ չափանիշներով են մեր դիրքերը թուլացել: Դրա համար պետք է խորամուխ լինենք, թե ինչ չափանիշներով է գնահատվում ազգային մրցունակության զեկույցը, որովհետև կան բազմաթիվ չափանիշներ, որտեղ ակնհայտ է, որ մենք դեռևս անելիքներ ունենք»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի տեղեկացմամբ՝ հրապարակված զեկույցով Հայաստանը ներկայումս զբաղեցնում է  79-րդ տեղը նախորդ տարվա 82-ի համեմատ: Այսինքն` երեք կետով մենք առաջընթաց ենք արձանագրել: Սակայն մրցունակության ցուցանիշը  ներկայացնում է երկրի տարբեր ոլորտները բնութագրող իրավիճակները։ Մրցակցության ոլորտի առաջին ցուցանիշը տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշն է, որի գծով մեր առաջընթացը կազմել է 28 կետ: Անցած տարի ևս այս ցուցանիշով մենք մեծ առաջընթաց էինք արձանագրել, սակայն անցած տարի մեզ նաև որոշ մարդիկ քննադատում էին՝ ասելով, որ ճիշտ է, առաջընթացը, աճի տեմպը մեծ է, սակայն մեր զբաղեցրած  դիրքը դեռևս ցածր է: Ասեմ, որ այժմ այդ ցուցանիշով մենք ԱՊՀ երկրների շարքում առաջատարն ենք:

Հաջորդ ցուցանիշը հակամենաշնորհային քաղաքականության  արդյունավետության ցուցանիշն է, որի գծով առաջընթացը կազմել է 19 կետ: Այս ցուցանիշով ևս ԱՊՀ երկրների շարքում առաջատար ենք մեր զբաղեցրած դիրքով: Օրինակ` Վրաստանից առաջ ենք 41 կետով, Ադրբեջանից` 30 կետով, Ուկրաինայից` 40 կետով և այդպես շարունակ։

Երրորդ ցուցանիշը, որը բնութագրում է մրցակցային միջավայրը, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ազդեցությունն է մրցակցության վրա, որը ցույց է տալիս, թե գերիշխող դիրք ունեցողները որքանով են խոչընդոտում մրցակցությունը, որքանով են սահմանափակում: «Այս ցուցանիշի գծով նույնպես բարելավում է արձանագրվել. առաջընթացը կազմել է 15 կետ, զբաղեցնում ենք աշխարհի երկրների շարքում 75-րդ տեղը, այն դեպքում երբ Ուկրաինան 132-րդ տեղում է, Մոլդովան`133, Վրաստանը` 119 և այդպես շարունակ: Ասեմ նաև, որ այս ցուցանիշով մենք նաև մեր զբաղեցրած դիրքով առաջ ենք անցել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից` Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա և այլն»,- ասել է Շաբոյանը։

ՀՀ վարչապետը   թվարկել է   Հայաստանի Հանրապետության հինգ ուշագրավ առավելությունները և հինգ ուշագրավ թերությունները: Առաջին առավելությունը, որը համահունչ է  Doing Business-ի   բարձր վարկանիշին, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է: «Այս ցուցանիշով մենք աշխարհում զբաղեցնում ենք 10-րդ տեղը: Աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու գործելակերպով՝ 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ` 24-րդ տեղը, ներդրողների պաշտպանության ուժգնությամբ՝ 25-րդ տեղը և պետական կառավարման բեռի ուղղությամբ՝ 34-րդ տեղը: Սրանք մեր հարաբերական առավելություններն են»,- ասել է կառավարության ղեկավարը։  

Ուշագրավ թերություններից առաջինը կառավարման դպրոցների որակն է՝ 120-րդ տեղը, երկրում տաղանդների պահպանման ունակությունը՝ 121-րդ տեղը, մաքսային գործընթացների բեռը՝ 123-րդ տեղը, արտաքին շուկայի չափի համաթիվը՝ 127-րդ տեղը և համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժինը՝ 139-րդ տեղը: Այս հարաբերական ուժեղ և թույլ կողմերը մեզ հուշում են, թե մենք ինչ անելիքներ ունենք: Այս հաշվետվության մեջ մանրակրկիտ ներկայացված են նաև այլ գերատեսչություններին վերաբերող խնդիրները` կրթական, առողջապահական համակարգ, որտեղ մեր դիրքերը վատացրել ենք:« Պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այստեղ կարողանանք վերականգնել մեր դիրքերը: Հանձնարարություն է տրվում բոլոր նախարարություններին, որպեսզի այս հաշվետվությունն ուսումնասիրեն և իրենց որորտների վերաբերյալ վարչապետին մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնեն առաջարկություններ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի բարելավենք միջավայրը.- եզրափակել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Back to top button