ԿարևորՔաղաքական

Եվրոպայի հետ Հայաստանը շարունակելու է համագործակցել այնպես, ինչպես եղել է՝ բացառությամբ…

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել, այսօր հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով՝ Խորը եւ համապարփակ առևտրի գոտու պայմանագիրն  արդեն դառնում է անհամատեղելի Մաքսային միության անդամակցության հետ, որովհետև այդ երկուսը հնարավոր չէ համատեղել։

Հայաստանը մաքսային միության անդամ որևէ երկրի հետ ընդհանուր սահման չունի: Սա հիմնական խնդիրներից մեկն էր, որը երկկողմանի բուռն քննարկումների է արժանացել: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի խոսքով՝ մասնագետները  գտել են այն լուծումները, որոնք փոխհատուցում են  այն հնարավոր կորուստները, որը կարող է ունենալ Հայաստանը՝ դառնալով Մաքսային միության անդամ, սակայն, ընդհանուր սահման չունենալով  Մաքսային միության անդամ որևէ երկրի հետ:

Շավարշ Քոչարյանը  վստահեցնում է, որ Եվրոպան անակնկալի չպետք է գար, քանի որ շատ լավ տեղյակ էր՝  նման զարգացումներ կարող են լինել: «Այնպես չի, որ եվրոպական կողմը անակնկալի առջև է կանգնել, մենք երբևէ   մեր արտաքին քաղաքականությունը այդպես չենք վարում»,- ասել է Քոչարյանը։

Եվրոպայի հետ Հայաստանը շարունակելու է համագործակցել այնպես, ինչպես եղել է, սակայն  մի տարբերությամբ։ «Խորը եւ համապարփակ առևտրի գոտու պայմանագիրն արդեն դառնում է անհամատեղելի Մաքսային միության անդամակցության հետ, որովհետև այդ երկուսը հնարավոր չէ համատեղել: Մնացած բոլոր ծրագրերը մենք պատրաստ ենք շարունակել Եվրոպայի հետ՝ ինչ տեսքով, ինչ ձևով , դա արդեն այժմ քննարկումների, բանակցությունների առարկա է։ Մենք պատրաստ ենք Ասոցացման պայմանագիրն ստորագրել, այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարվել, մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումների ծրագիրը»,- հայտարարել է փոխարտգործնախարարը։

Շավարշ Քոչարյանը այս օրերին Եվրոպայից որևէ խիստ եւ կոշտ գնահատական չի տեսել ու  չի  լսել, «եթե խոսքը վերաբերում է  այն անձանց, որոնք պատասխանատու են այդ ամբողջ գործընթացի համար, Հայաստան ԵՄ բանակցությունների համար»։

Փոխարտգործնապխարարն այսօր էլ վերահաստատել է իր այն հայտարարությունը, որ, դառնալով Մաքսային միության անդամ, երկրները  կորցնում են «ինչ- որ աստիճանի ինքուրույն որոշումներ» կայացնելու հնարավորություն։ Սա վերաբերում է  ցանկացած մաքսային միության: Դա կապված է մաքսային քաղաքականության, դրույքաչափերի  հետ, և այդպես իրենց իշխանության  այդ աստիճանը կորցել են  և Բելառուսը,  և Ղազախստանը,  և Ռուսաստանը: Շավարշ Քոչարյանը սա շատ բնական է համարում, «բայց խոսել ընդհանուր սուվերենության կորստի մասին, ես երբեք այդպիսի բան չեմ ասել»։

ԼՂՀ-ն մեզ համար այն կարմիր գիծն է, որը մենք երբեք չենք անցնի, Շավարշ Քոչարյանը բացառում է, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսային սահման լինի։

Իսկ ահա էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը վստահեցնում է, որ  Հայաստանի տնտեսությունը ցանկացած դեպքում թե ռուսական, թե եվրոպական շուկայում  դառնալու է  ավելի որակյալ, իսկ էներգետիկայի  և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ հայտարարում է, որ գազի սակագինը առաջիկայում չի փոխվի:

Ցուցադրել ավելի
Back to top button