Քաղաքական

Ե՜ւ ԵՄ, ե՜ւ ԵՄ. հնարավո՞ր է գտնել շփման եզրեր

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
[pro-player type=’video’]http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/050913politic.mp3

Ներքաղաքական թեժ քննարկումների առանցքային թեման շարունակում է մնալ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը։ Երկկողմանի քաղաքական ցուպցվանգ. այսպես է գնահատում այսօրվա իրավիճակը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա` Ռուսաստանի պարտադրված  քայլը պայմանավորված է նրանով, որ տարածաշրջանում միակ հենակետը Հայաստանն է: Սոցիոլոգն ասաց, որ զարմանում է, թե ինչու եվրոինտեգրման կողմնակիցները դուրս չեկան փողոցներ այն ժամանակ, երբ Ռուսաստանի հետ ռազմական հենակետային պայմանագիրը երկարացվեց 49 տարով կամ ինչու նրանք չբողոքեցին այն ժամանակ, երբ Թուրքիան հրաժարվեց վավերացնել ցյուրիխյան համաձայնագրերը։ Հետեւաբար` այսօրվա ընդվզումները կապ չունեն Հայաստանի վերջին որոշման հետ, առավել եւս, որ այդ որոշման կողմնակիցների փաստարկներն ավելի հզոր են ու հիմնավորված, քան՝ հակառակ կողմի բերած հիմքերը, ասում է Ահարոն Ադիբեկյանը։

 

«Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանի խոսքով` տվյալ հարցում քաղաքական ուժերը խնդիր ունեն, հատկապես` ընդդիմադիր ուժերը: Ըստ նրա` կան ընդդիմադիր ուժեր, որոնք, կարծեք, կողմ են այս պայմանագրին: «Երկրում ստեղծվել է նոր իրավիճակ, հնարավոր է լինի կոալիցիա նրանց միջև, ովքեր կողմ են Մաքսային միությանը»,- եզրակացնում է «Ժառանգության» ներկայացուցիչը։

Նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ` թե ԵՄ-ի, թե Մաքսային միության հետ հարաբերություններում առաջնայինն ազգային շահն է եւ հասարակության աջակցությանն ապավինելը: Նա նկատում է, որ այս առումով ամենամեծ շահը ազգային անվտանգությունն է, այդ թվում` ԼՂՀ բնակչության անվտանգությունը: Սա ամենաառաջնայինն է, իսկ մնացածն ածանցյալներ, համոզմունք հայտնեց Վարդան Բոստանջյանը։

Հայաստանը փոքր երկիր է եւ ակնհայտ է, որ անորոշ կեցվածքներ ընդունելը հղի են հետեւանքներով, հետեւաբար Վարդան Բոստանջյանը կարծում է, որ մեր երկրի արտաքին քաղաքական ուղղությունն այնպիսին պետք է լինի, որ որեւէ մեկին չնեղացնի եւ եթե աշխարհաքաղաքական կենտրոնները հարցեր ունեն, ապա` պիտի միմյանց հետ լուծեն: Բոստանջյանի գնահատմամբ` արժեհամակարգի առումով  ավելի բարձր է եվրոպականը, որին պետք է ձգտենք, ինչ վերաբերում է տնտեսական օգուտներին ու վնասներին, ապա դրանք, ըստ նրա, հարաբերական են:

Ահարոն Ադիբեկյանն էլ կարծում է, որ մենք պետք է նպատակ դնենք ու գտնենք շփման եզրերն ու կամուրջները` ընդլայնելով ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները հիմնականում նոր տեխնոլոգիաների յուրացման առումով: Այս դեպքում, ըստ սոցիոլոգի, «եւ, եւ» գաղափարը կաշխատի: Եթե Եվրոպան ցանկանում է մեզ տեսնել որպես իրեն ընկեր, ապա պիտի մեզ հետ ընկերանա, պատկերավորեց Ահարոն Ադիբեկյանը: Մինչդեռ, ըստ նրա, մեզ ասվում է` եկ ընկերացիր, հետո մենք քեզ կփորձենք օգնել: Այնինչ, սոցիոլոգի գնահատմամբ, նման բան չի ասում Ռուսաստանը, փոխարենը` որպես պատմական դաշնակից իրականացնում է իր առաքելությունը:

Բանախոսը կարծում է, որ ճնշման մասին խոսք լինել չի կարող, խնդիրը խրախուսելու մեջ է: Մատնանշելով նաեւ Ռուսաստանում բնակվող ու աշխատող հայերի մեծ թվի մասին` սոցիոլոգը համոզմունք հայտնեց, որ եթե անգամ «ԵՄ, թե Մաքսային միություն» հարցը դրվի համաժողովրդական հանրաքվեի, ապա` արդյունքն ակնհայտ է։

Ցուցադրել ավելի
Back to top button