Մաքսային միության անդամակցության տնտեսական շահավետության վերլուծություն չկա, ասում են տնտեսագետները


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2013-2014»-ի՝ Հայաստանը մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 148 երկրների մեջ: Նախորդ տարվա համեմատ մեր երկիրն իր դիրքերը բարելավել է 3 կետով։ Վրաստանն իր դիրքերը բարելավել է 5 կետով, Ադրբեջանը՝ 7 կետով:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննսիյանը, առաջնորդվելով փաստացի առևտրաշրջանառությունից, այդուհանդերձ նշեց, որ «մեր վերամշակող արտադրանքը հիմնականում իրացվում է ԱՊՀ- ում, ՌԴ-ում, իսկ Եվրոպա արտահանվում են մետաղներ ու հանքարդյունաբերություն: Այդ տեսանկյունից ՌԴ հետ առևտրատնտեսական հարաբերությունների հեշտացումը պետք է, որ հնարավորություն տա ընդլայնվել ԱՊՀ շուկայում։ Բայց ուղղակի պետք է ապագային նայել, տեսնել, որ ԵՄ-հետ մաքսատուրքերը ավելի հեշտացվի, ապա ՀՀ-ից ԵՄ արտահավող պոտենցիալը որքան կլինի»։
«Տնետսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպել էին այլ նպատակով: Նրանք ներկայացրեցին Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2013-2014»ը: Սա հերթական զեկույցն է, որտեղ Հայաստանը բարելավել է իր դիրքերը: Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2013-2014»-ի տվյալներով՝ Հայաստանը մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 148 երկրների շարքում:
Զեկույցը կազմվել է 110 գործոնի և 12 հենասյունի հիման վրա: Երկրները դասակարգվում են ըստ իրենց զարգացման փուլի: Ամենամեծ դրական փոփոխությունները գրանցվել են մակրոտնտեսական միջավայրի կայունություն , տեխնոլոգիական պատրաստվածություն ցուցիչներում: Դրական փոփոխություններ են նկատվել նաև ապրանքների շուկայի արդյունավետություն, Ինստիտուտներ, գործարարության կատարելագործվածություն, նորարարություն ցուցիչներում:
Ուշագրավ առավելություններով Հայաստանն աչքի է ընկել նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու գործելակերպ, պետական քաղաքականության մշակման թափանցիկություն, ներդրողների պաշտպանվածության ուժգնություն և պետական կառավարման բեռ ցուցանիշերում: Զեկույցում, սակայն, միայն դրական գնահատականներ չեն տրված:
«Առողջապահության և տարրական կրթության մասով 85-րդ տեղում ենք, վատթարացում է հինգ կետով։ Բարձրագույն կրթության ու վերապատրաստման ենթասյունով նմանապես նահանջ է տեղի ունեցել յոթ կետով, աշխատուժի շուկայի արդյունավետության վատթարացում կա 20 կետով։ Մեր դիրքերը բավական լավ էին, ֆինանսական շուկաների մասով, մեծ փոփոխություններ չկան»,- ասում է կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը։
Ամենաուշագրավ փոփոխություններում առկա է սուբյեկտիվ գործոն, ասում է Հերգնյանն ու հավելում, որ բարելավումներ են տեղի ունեցել սեփականության իրավունքի, ներդրողների պաշտպանվածության ուժգնության ու ոստիկանության ծառայությունների հուսալիության մասով: Պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման գործոնով 15 տեղով հետընթաց է գրանցվել: Վարկերի ստացման հեշտության ցուցանիշում նույնպես հետընթաց է գրանցվել 19 կետով, աշխատավարձի սահմանման ճկունություն՝ հետընթաց 17 կետով, անձնակազմի վերապատրաստման ինտենսիվություն ու նորարարության կարողություն՝ կրկին հետընթաց 15 կետով:
Հավելենք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային զեկույցի առաջին տասնյակը վերջին տարիներին բավականին կայուն է։ Այս տարի ևս մրցունակ երկրների ցուցակը գլխավորում է Շվեյցարիան, 2- րդ տեղում Սինգապուրն է, 3- րդում՝ Ֆինալնդիան, 4- րդ եւ 5- րդ տեղերում Գերմանիան եւ ԱՄՆ։