Վերլուծական

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը Բրյուսելի համար անակնկալ չէր. հայ քաղաքագետների արձագանքը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը Բրյուսելից հնչող ոչ դրական արձագանքները հասկանալի են: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի որոշումը Բրյուսելի համար անսպասելի չէր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու օր առաջ այստեղից գնահատական հնչեց, որ Ռուսաստանը բավականին կոշտ դիրքորոշում ունի` կապված Ուկրաինայի հետ համանման հարցում: Սա ցույց է տալիս, որ Բրյուսելում շատ լավ են հասկացել այն իրավիճակը, որում գտնվել է Հայաստանը, նշեց քաղաքագետը:

«Միաժամանակ, պետք է հասկանանք, որ երեկվա հանդիպումն ու արդյունքները չեն նշանակում, որ Հայաստանը որեւէ ձեւով այն աստիճանի կտրուկ շրջադարձ է կատարում Եվրամիության հետ իր համագործակցության մեջ, որքան դա թվում է լրագրողական, քաղաքական ու փորձագիտական շրջանակներին»,- նշում է Մինասյանը՝ նկատելով, որ դրա մասին նշվեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում։ Նրա գնահատմամբ` այս առումով բավականին հետաքրքիր կլինի նաեւ Հայաստանի ներկայությունը ԵՄ վիլնյուսյան գագաթաժողովում։

ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ` Հայաստանի երեկվա որոշումը ինչ-որ իմաստով իր քաղաքականության մեջ հետեւողականություն է նշանակում. երբեւիցե Հայաստանը չի հայտարարել, թե չի պատրաստվում չխորացնել ինտեգրման գործընթացներն ԱՊՀ տարածքում, նշեց բանախոսը: Նա նկատեց, որ ինտեգրման գործընթացներից մեկն էլ Մաքսային միությունն է եւ Եվրասիական միության հետ կապված հնարավոր զարգացումները: Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, «նկատենք, որ Հայաստանը երբեք չի հայտարարել, թե պատրաստվում է դառնալ ԵՄ անդամ եւ երբեք չի էլ եղել հրավեր, բայց պատրաստակամություն է հայտնել միշտ խորացնելու համագործակցությունը: Խորացման էլեմենտներից մեկն էլ եղել է փաստաթուղթը, որը հայտնի է «Ասոցացման համաձայնագիր» անվամբ: Սակայն, տվյալ պարագայում, հաշվի առնելով տարբեր ձեւաչափերը, որոնք կան Մաքսային միության մեջ եւ այն դրույթները, որոնք ենթադրաբար ամրագրված են կամ մշակված են` թույլ չի տալիս ասել, որ տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունը կարող է հանդես գալ կամ միանալ, համենայնդեպս տվյալ ձեւաչափով, տվյալ փաստաթղթի տակ իր ստորագրությունը դնելով»:

ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավարի կարծիքով՝ հարաբերությունները եւ Եվրամիության, եւ առանձին երկրների հետ շարունակվելու են: «Խնդիրն այն է, թե ինչպիսին կլինի այն նոր ձեւաչափը, ոըը հնարավորություն կտա Հայաստանին համագործակցելու եւ ԵՄ-ի եւ անդամ առանձին երկրների հետ»,- ասում է Ալեքսանդր Մարկարովը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` գործնականորեն երկու նախագծերի միաժամանակյա մասնակցությունը հնարավոր չէ: «Հնարավոր չէ լինել եւ ԵՄ անդամ, եւ Մաքսային միության անդամ: Այլ հարց է, որ ԵՄ Հայաստանին ոչ ոք չի հրավիրել, իսկ ինչպես կարող է Հայաստանն այսօր իրականում մտնել Մաքսային միություն` ես այնքան էլ չեմ պատկերացնում. դա տեխնիկապես լրջագույն խնդիր է»։

Այնուամենայնիվ՝ Կովկասի ինստիտուտի տնօրենը շեշտեց, որ պետք է հաշվի նստել այն փաստի հետ, որ Հայաստանի անվտանգությունը ՀԱՊԿ-ի ձեւաչափում է: «Եվրոպական Միություն, թե Մաքսային միություն ընտրանքում Հայաստանն ընտրել է ՀԱՊԿ-ը»,- ռուսական «Վզգլյադ» թերթի պատկերավոր խոսքը մեջբերեց Կովկասի ինստիտուտի տնօրենը: Հայաստանի համար քաղաքական և անվտանգության խնդիրներն ավելի կարևոր են, քան՝ տնտեսական համաձայնագրերը, հավելեց քաղաքագետը։

Ալեքսանդր Իսկանդարյանը չբացառեց նաեւ այնպիսի ձեւաչափի մշակումը, որը հնարավոր կդարձնի համագործակցությունը եւ ԵՄ-ի, եւ Մաքսային միության հետ: Քաղաքագետը չի բացառում նաեւ, որ Վիլնյուսում կարող է ինչ-որ բան ստորագրվել: Անկախ դրանից` նա համոզված է, որ ինտեգրման ուղղությամբ աշխատանքները կարող են շարունակվել: Քաղաքագետը նաեւ շեշտեց, թե կան բաներ, որոնք մենք կարող ենք անել` անկախ եվրոպական կամ ռուսական կողմերից, օրինակ` օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպականին: Դա մենք կարող ենք անել ինքնուրույն, եթե անգամ դրա մասին չկա գրված որեւէ փաստաթղթում:

Ցուցադրել ավելի
Back to top button