Կոմիտասի ժառանգությունն այսօր կարող է դառնալ գործիք վտանգավոր շատ ու շատ խորխորատներց դուրս գալու համար


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Նարեկացի արվեստի միությունը սեպտեմբերի 5-ին նշում է իր հիմնադրման 9-րդ տարեդարձը: Այս տարի միջոցառումների ծրագիրն ամբողջությամբ նվիրված է Կոմիտաս կոմպոզիտորին, բանահավաքին, երաժշտագետին: Կոմիտասի ինչպես կոմպոզիտարական, այնպես էլ գիտական ժառանգությունն այս օրերին կներկայացվի հնարավորինս համակողմանիորեն` ականավոր կոմիտասագետների դասախոսություններով, համերգաշարով։
Ի վերջո՝ ո՞վ ենք մենք ձևի ու բովանդակության այս խուռն ու խառնակ շփոթի հորձանուտում: Հենց այս հարցադրմամբ է պայմանավորված Նարեկացի արվեստի միության նախաձեռնած միջոցառումների «կոմիտասականը»: Նամակներ, գծանկարներ, լուսանկարներ, խազագրեր ու նոտագրեր. Կոմիտասի մասին պատմող փաստագրական նյութերն ամփոփող ցուցահանդեսի բացմամբ Նարեկացի արվեստի միությունում վաղը կմեկնարկի կոմիտասյան շաբաթը, որը կեզրափակվի սեպտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նախատեսված համերգով: Դասախոսությունների միջոցով կներկայացվի Կոմիտասի գործն ու ստեղծագործությունը տարբեր տեսանկյուններից: Կոմիտաս կոմպոզիտորի ստեղծագործության երաժշտական վերլուծությամբ հանդես կգա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Կոմիտասի կերպարը մեզանում առավելապես ընկալվում է որպես ազգային մեծ ողբերգության խորհրդանիշ: Երաժշտագետ Մհեր Նավոյանը սա օրիանչափ է համարում, քանի որ յուրաքանչյուր ազգ իր կենսագրությունը տեսնում է ազգի մեծերի կենսագրության մեջ: Չնայած Կոմիտասի ողբերգականացված կերպարին ժամանակակիցներից շատերը նրան բոլորովին այլ կերպ են բնութագրել. «Կենսախինդ, արագաշարժ, անսահման հումորի տեր անձնավորություն»,- կոմիտասգետ Արթուր Շահնազարյանի խոսքով հենց այսպիսին է եղել մեծն Կոմիտասը։
Այսօր մենք մտնում ենք քաղաքակրթական բարդ իրողությունների մեջ, որտեղ ինքնության պահպանման խնդիրը չափազանց սրված է: Բարեբախտաբար՝ մենք այն երջանիկ ժողովուրդներից ենք, որ նման իրավիճակներում ապրելու, գոյատևելու և մշակութային ինքնությունը պահպանելու կուտակված փորձ ու հստակ մշակված մեխանիզմներ ունենք, ասում է երաժշտագետ Մհեր Նավոյանը: Լավագույն մեխանիզմներից մեկի հեղինակն էլ , ըստ նրա, Կոմիտասն է, որի ժառանգությունն այսօր կարող է դառնալ գործիք վտանգավոր շատ ու շատ խորխորատներց դուրս գալու համար։