Միջազգային

Ինչո՞ւ ոչ. Վրաստանի վարչապետը Եվրասիական միությանն անդամակցելու մասին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ Վրաստանն էլ կարող է անդամակցել Եվրասիական միությանը։ Այսօր հանդես գալով ազգային հեռուստատեսությամբ նա հայտարարել է, որ հարցն ուսումնասիրվում է։ «Այս փուլում մենք որեւէ դիրքորոշում չունենք։ Եթե հեռանկարում տեսնենք, որ մեր երկրի ռազմավարական շահերից է դա բխում, ինչո՞ւ ոչ»,- ասել է վարչապետը։

Նրա ելույթը կայծակնային արձագանք է ստացել խորհրդարանում։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին հույս է հայտնել, որ «վարչապետը ստում է», հույս է հայտնել, որ «վրացական կառավարությունը իրականում այս տարբերակը չի քննարկում»։

Վարչապետ Իվանիշվիլիի աշխատակազմը ավելի ուշ հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ, որը Բրյուսելում տարածել է իր PR ընկերության՝ Cambre Associates- ի միջոցով։ Հաղորդագրության մեջ  ազգային շահերի դեպքում ապագայում նման հնարավորությունը չբացառելով՝ հայտարարվել է, որ «այս փուլում մենք դիրքորոշում չունենք»։

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ասել է, որ «ողջ աշխարհը, այդ թվում նաեւ ԵՄ- ն» ուսումնասիրում են Եվրասիական միության ծրագիրը։ «Դա մեզանից հեռու չէ, եւ մենք պետք է իմանանք, թե ինչ է կատարվում»,- հայտարարել է նա։

Back to top button