Քաղաքական

Известия. Եվրոպական հեռանկարը զիջումներ է պահանջում, որոնք անհամատեղելի են Հայաստանի քաղաքական գոյության հետ

Ռուսական Известия թերթն անդրադարձել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանի նման դիրքորոշումը Հայաստանին ուղղորդում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ու Մաքսային միության կողմը, այլ ոչ թե ենթադրում է հրաժարում Ղարաբաղից՝ հօգուտ եվրաինտեգրման։

Ամփոփելով սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման արդյունքները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռուսական կողմն աջակցում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու, եվրասիական ինտեգրացիոն գործընթացին մասնակցելու որոշմանը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ Երևանի միանալը եվրասիական ինտեգրացիոն կառույցներին հզոր խթան կլինի փոխշահավետ տնտեսական համագործակցության համար։

Իսկ Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ գտնվելով ռազմական անվտանգության նույն համակարգում՝ անհնար ու անարդյունավետ կլինի մեկուսանալ գոյություն ունեցող աշխարհատնտեսական տարածությունից։ Միևնույն ժամանակ` ՀՀ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը մտադիր չէ հրաժարվել եվրոպական կառույցների հետ երկխոսությունից։

Մի շարք փորձագետներ ուշադրությունը հրավիրում են նախագահ Սարգսյանի հայտարարությունների պարադոքսալ բնույթին՝  նկատելով, որ անցած 5 տարվա ընթացքում հայաստանյան իշխանությունների շրջանում  նշված հարցերի շուրջ բավականjh իրարամերժ կարծիքներ են հնչել։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն «աշխարհագրորեն անհնարին է ու անիմաստ», իսկ երկրի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որը  նպատակ է հետապնդում ստիպել Երևանին միանալ Մաքսային միությանը։

Ռուս-հայկական հարաբերությունների ոլորտի փորձագետ Մոդեստ Կոլերովը գտնում է, որ անցած 5 տարվա ընթացքում հայ հասարակության մեջ այն գաղափարն էր սերմանվում, որ հնարավոր է համատեղել «Ռուսաստանի հետ անվտանգությունը» և «փողերն ու ժողովրդավարությունը Եվրոպայի հետ»։

«Սակայն, եթե Ուկրաինայում ԵՄ-ի ու Մաքսային միության միջև ընտրության հարցը հանրային կերպով է քննարկվում ու եվրաինտեգրման վերաբերյալ համաձայնագրի բովանդակությունը հայտնի է, ապա Հայաստանի պարագայում չկան ո՛չ  փաստաթղթերի բովանդակությունը, ո՛չ էլ ռուսական արտգործնախարարության պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ»,-նշում է Известия- ն՝ որպես վերջաբան գրելով, որ «ժամանակի ընթացքում Հայաստանի համար պարզ է դարձել, որ եվրոպական հեռանկարն իրենից զիջումներ է պահանջում, որոնք անհամատեղելի են Հայաստանի քաղաքական գոյության հետ»։

«Հենց այդ պատճառով էլ երկրի ղեկավարը Ռուսաստանին ձեռք մեկնեց՝ դեմ գնալով լիարժեք պետական ինքնիշխանությունից հրաժարվելու՝ Հայաստանին պարտադրաբար փաթաթված ընտրությունից»,-եզրափակում է պարբերականը։

Back to top button