ԿարևորՄիջազգային

Քիմիական հարձակման պատասխանատուն Ասադն է, ասում են ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետախուզական աղբյուրները (լրացվում է)

լրացվել է ժամը 15։10- ին

Ռուսաստանն արձանագրել է բալիստիկ նշանակետ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական հակահրթիռային համակարգերն այսօր Միջերկրական ծովում արձանագրել են երկու բալիստիկ նշանակետ: Դամասկոսի աղբյուրի տեղեկացմամբ՝ դրանք ընկել են ծովը:

Պենտագոնն արձագանքելով Մոսկվայի հայտարարությանը հայտնել է, որ գերատեսչությունը չի տիրապետում արձակումների մասին տեղեկատվությանը: Ֆրասիայի, Իսրայելի պաշտպանության նախարարություները նույնպես հայտարարել են, որ չունեն բալիստիկ արձակումների մասին տեղեկություն:

ՆԱՏՕ-իր հերթին հայտնել է, որ ստուգում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդած տեղեկությունը:


Սիրայի ազատ բանակի հրամանատարը աջակցում է ամերիկյան ռազմական գործողությանը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սիրիայի ընդդիմադիր ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսին հեռախոսազրույցում բացատրել է Ասադի կառավարության դեմ Վաշինգտոնի ռազմական ծրագրերը։ Սիրայի ազատ բանակի հրամանատարն իր աջակցությունն է հայտնել «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմանը» դիմելու Կոնգրեսի անդամներին՝ քննարկելու սիրիական վարչակարգի դեմ հարձակումը արտոնելու բանաձեւը, հայտնում է CNN- ը։

«Մենք հասկանում ենք ժողովրդավարական երկրներում որոշումների ընդունման մեխանիզմները եւ ընկալում, որ օրենսդիրների աջակության դեպքում այդ քայլը կլինի ավելի արդյունավետ։ Մենք հույս ունենք, որ մյուս բարեկամական երկրները կմիանան վարչակարգի դեմ արշավին»,- ասել է Իդրիսը։ Նա անհանգստություն է հայտնել, որ հակառակ հարագայում Սիրիայի իշխանությունները կարող են «քիմիական զենք կիրառել մոտական օրերին»։

Հեռախոսազրույցի ընթացում Քերրին համոզմունք է հայտնել, որ ռազմական գործողությունը կստիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընկալել քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունը եւ կնվազեցնի այդ զենքի հետագա կիրառումը։

 

Օբաման հրավիրել է կոնգրեսականներին, Քերին գնում է կոնգրեսականների մոտ

Այսօր Օբաման կհանդիպի Կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ռազմական ուժերի հարցով կոմիտեների նախագահների հետ, իսկ պետքարտուղար Քերին, պաշտպանության նախարար Հեյգելն ու ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Դեմպսին հանդես կգան Սենատի միջազգային հարցերով կոմիտեում։

 

Ֆրանսիական հետախուզությունը համոզված է. քիմիական գրոհը Ասադի ուժերն են իրականացրել

Ֆրանսիայի վարչապետք Ժան-Ժակ Էյրոն երկրի խորհրդարանականներին է ներկայացրել  հետախուզական տվյալներ, որոնց համաձայն օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական գրոհն իրականացրել են Բաշար Ասադի ուժերը: Ըստ նրա՝ չկա որևէ կասկած, որ 1400 մարդու կյանք խլած քիմիական հարձակման պատասխանատվությունը ընկած է Ասադին հավատարիմ ուժերի վրա: Ինն Էջանոց փաստաթղթում, որը պատրաստել են ֆրանսիական հետախուզական ծառայությունները, կա հինգ կետ, որոնք ցույց են տալիս, որ քիմիական հարձակումը կառավարական ուժերի ձեռքի գործն է: Մասնավորապես, ինչպես Բի Բի Սի- ն է տեղեկացնում, փաստաթղթում ներկայացված են արբանյակից կատարված լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Դամասկոսի արվարձանի վրա հարվածը կատարվել է մի տարածքից, որը վերահսկում են կառավարական ուժերը:
Ժան-Ժակ Էյրոն միաժամանակ հայտարարել է, որ չորեքշաբթի խորհրդարանի նիստում սիրիական ճգնաժամի վերաբերյալ հարցը քվեարկության չի դրվի:


Գերմանիան համամիտ է ամերիկյան եւ ֆրանսիական հետախուզության գնահատականներին

Գերմանիայի հետախուզական դաշնային ծառայությունը համաձայն է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գնահատականների հետ, որ Դամասկոսի արվարձանում իրականացված քիմիական գրոհի հետևում կանգնած են Սիրիայի իշխանությունները, այսօր գրել է գերմանական «Շպիգել» ամսագիրը՝ վկայակոչելով այդ գերատեսչության ղեկավար Գերհարդ Շինդլերին: Վերջինիս խոսքերով՝ Գերմանիայի հետախուզական դաշնային ծառայությունը չունի միանշանակ ապացույցներ, որ հենց կառավարական զորքերն են կիրառել քիմիկան զենքը, սակայն այդ վարկածը համարում է ամենահավանականը:

 

Բաշար Ասադը շարունակում է հերքել մեղադրանքները

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դարձյալ հերքել է իշխանությունների մասնակցությունը օգոստոսի 21-ին իրականացված հարձակմանը: Այսօր լույս տեսած ֆրանսիական «Ֆիգարո» թերթում տեղ գտած հարցազրույցում Ասադն ասել է, որ նման քայլը տրամաբանական չէր լինի: Նա նաև նախազգուշացրել է, որ օտարերկրյա ուժերի ռազմական գործողությունները կարող են տարածաշրջանում մեծ հակամարտության պատճառ դառնալ:
«Բոլորը կկորցնեն վերահսկողությունը իրավիճակի վրա, եթե պայթի վառոդի տակառը: Կտարածվեն քաոսն ու ծայրահեղականությունը»,- ասել է Ասադը:

 

ՄԱԿ. Սիրիացիների 1/3- ը ստիպված լքել է բնակավայրը

Փախստականների հարցով ՄԱԿ-ի գործակալությունը տեղեկացրել է, որ շարունակվող հակամարտության պատճառով երկիրը լքած սիրիացի փախստականների թիվը հասել է 2 միլիոնի: Վերջին կես տարվա ընթացքում փախստականների թիվը կրկնապատկվել է: Եվս 5 միլիոն մարդ քաղաքացիական պատերազմի պատճառով ստիպված է եղել երկրի ներսում փախչել այլ շրջաններ:
Ընդհանուր առմամբ՝ բնակչության մեկ երրորդը ստիպված եղել լքել է իր բնակավայրը: ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատար Անտոնիո Գուտերեսը հայտարարել է, որ փախստականներից շատերը բնակվում են ահավոր պայմաններում, սակայն  նրանց օգնելու հնարավորություն չկա: Նա ընդգծել է, որ կարևոր է չթողնել հակամարտությունը տարածվի հարևան երկրներ, քանի որ դա կարող է պայթյունավտանգ դարձնել իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Ցուցադրել ավելի
Back to top button