Սիսիանը ճանաչվեց 2014- ի երիտասարդական մայրաքաղաք


Սեպտեմբերի 3-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի ամփոփիչ բաց նիստը:
Ամիսներ առաջ հայտարարված մրցույթին մասնակացության հայտ էին ներկայացրել Սիսիան ու Էջմիածին քաղաքները: Անկախ փորձագետների խնդիրն էր մանրակրկիտ ուսումնասիրել քաղաքապետարանների հայտերում նշված և իրականում ունեցած հնարավորությունների համապատասխանությունը (մարզամշակութային կենտրոններ, երիտասարդական միջոցառումների կազմակերպում, հյուրանոցային պայմանների, երիտասարդական ժամանցային օբյեկտների գների մատչելիությունը և այլն):
Մրցույթի առցանց քվեարկության և անկախ փորձագետների գնահատման արդյունքները հրապարակեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Փորձագիտական գնահատման և առցանց քվեարկության արդյունքների համաձայն «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող ճանաչվեց Սիսիանը:
Էջմիածնին ձայն էին տվել 8416, իսկ Սիսիանի օգտին քվեարկությանը մասնակցել էր` 9246 մարդ` ընդ որում առցանց քվեարկությանը մասնակցել էին ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում բնակվող մեր համաքաղաքացիները։ Ըստ փորձագիտական հանձնաժողովի անդամների գնահատականների` Էջմիածին քաղաքի հայտի ընդհանուր գնահատականը եղել է 705 միավոր, Սիսիանինը` 845:
«Սա գործընթացի սկիզբն է և այն ապացուցեց, որ բարեհաջող երթ է ունենալու: Բազմաթիվ քննարկումներ են եղել թե’ անկախ փորձագետների ու թե’ նախարարության աշխատողների հետ համատեղ, մեր աշխատանքը եղել է անաչառ, մրցակցությունը` լուրջ, վստահեցնում եմ, որ «Երիտասարդական մայրաքաղաք – 2015թ.»-ը և «Երիտասարդական մայրաքաղաք -2016թ.»-ն էլ ավելի լավն են լինելու,- նշեց փոխնախարարը: