Տնտեսական

ՀՀ վարչապետն այցելել է Արցախի արտադրական ձեռնարկություններ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունը ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ-ի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մի քանի արտադրական ձեռնարկություններ։

Վարչապետը նախ եղել է Կարմիր շուկայի ձեթի արտադրության գործարանում` ծանոթացել տեղական հումքով ձեթի արտադրության ընթացքին ու առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, իսկ հումքը` արևածաղիկը, ստացվում է գործարանին պատկանող 220 հեկտար ցանքատարածքներից:

Վարչապետն այցելել է նաև արևածաղկի դաշտեր` ներկա գտնվել արևածաղկի հավաքման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ գործարանն առաջիկայում պատրաստվում է ավելացնել բարձրորակ ձեթի արտադրական ծավալներն` արտահանում իրականացնելու  նպատակով:

Վարչապետ Սարգսյանը ողջունել է գործարանի ստեղծման նախաձեռնությունը և ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել վերջինիս զարգացման աշխատանքներին:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Տող գյուղի գինու գործարան: Տեղեկացվել է, որ գործարանը գինու արտադրությունն իրականացնում է իրեն պատկանող խաղողի այգիներից ստացվող հումքով: Տարեկան արտադրական ծավալը կազմում է 20 հազար շիշ: Գործարանն առայժմ արտադրում է երկու անուն գինի, սակայն առաջիկայում ծրագրում է ավելացնել դրանց տեսականին: Գործարանի արտադրանքի մի մասն արտահանվում է նաև Հայաստան:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը և ԼՂՀ վարչապետը հանդիպել են Արցախի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին, քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:

Վարչապետ Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի նախկին մետաքսի գործարանի տարածքում հիմնված գորգարծությամբ զբաղվող ընկերությունում: Այն ունի մոտ 50 աշխատող` միջինը 75 հազար դրամ աշխատավարձով: Արտադրության հումքը ստեղծվում է ընկերությանը կից բացված թելի մանարանում:

Ամփոփելով ԼՂՀ կատարած այցը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն արդյունավետ է գնահատել և նշել, որ ՀՀ կառավարական պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ ԼՂՀ-ի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: «Ծանոթացանք թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում իրականացվող նախագծերին: Առաջիկայում ենթադրվում են բազմաթիվ մասնավոր ներդրումներ, այդ թվում համագործակցություն ՀՀ ներդրողների հետ: Օրինակ, թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունը, որտեղ մենք այցելեցինք, նախատեսում է նոր հաստոցների շահագործում, նոր աշխատատեղերի ստեղծում, ինչը շատ կարևոր է:

Կարևոր է նաև գյուղատնտեսական զարգացման ծրագրերը, այդ թվում ձեթի արտադրությունը, որն ապահովում է բավականին մեծ ծավալի հումք, ինչն էլ իր հերթին խթանելու է, որպեսզի նոր ներդրումներ արվեն այդ բնագավառում` արտադրական հզորություններն ավելացնելու համար: Դրանով հնարավոր կլինի ապահովել ոչ միայն ԼՂՀ-ի բարձրորակ ձեթի պահանջարկը, այլև ՀՀ-ի: Դա կազդի նաև ձեթի ներմուծման ծավալների կրճատմանը և մենք կունենանք սեփական բավականին որակական հատկանիշներ ունեցող ձեթի տեսակներ»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԼՂՀ-ում բազմաթիվ քաղաքաշինական ծրագրեր են դարձել իրականություն, լուրջ աշխատանքներ են տարվում նաև զբոսաշրջության բնագավառում:  «ԼՂՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս զբոսաշրջային ոլորտին: Տեսանք, որ բազմաթիվ օբյեկտներ են հանձնվում շահագործման, ինչը մոտ տարիներին կխթանի ոչ միայն Հայաստանից, այլև արտասահմանից զբոսաշրջիկների ներգրավմանը:

Ծանոթացանք նաև զինվորի առoրյային, թե ինչպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում բանակում: Այն, ինչ մենք տեսանք, ակնհայտորեն վկայում են մեր   լրջագույն առավելությունները պաշտպանական բնագավառում»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը: ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ ավարտվել է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button