ՀՀ- ում հավատարմագրված դեսպաններն այսօր եղան ճգնաժամային կառավարման կենտրոնում


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ այսօր նախարար Արմեն Երիցյանը նախարարություն էր հրավիրել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ ներկայացնելու ԱԻՆ անցած ուղին:
«ՀՀ տարածքում գոյություն ունեն բոլոր տեսակի աղետները՝ բացի ցունամիից։ Մենք համագործակցում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որովհետև առանց համագործակցելու աղետների դեմ պայքարելն անհնար է»,- ասաց Արմեն Երիցյանը՝ շարունակելով,- 2012 թ, երբ սկսեց գործել 911 ծառայությունը, օրական ստանում ենք տարբեր բնույթի 6-8 հազար զանգ, որոնք անպատասախան չեն մնում»։
Նկատենք, որ հյուրերը հնարավորություն ունեցան նախարարության կատարած աշխատանքի մասին առավել մանրամասն տեղեկանալ ցուցադրվող տեսանյութի միջոցով: Արմեն Երիցյանը հյուրերի հետ միասին շրջայց կատարեց նախարարության տարածքով, ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Նրա խոսքով՝ ալս կենտրոնից հնարավոր է ուղիղ կապ հաստատել տարբեր երկրների կազմակերպությունների ու դեսպանատներին հետ:
Հանդիպմանը ներկա Իրանի Ւսլամանական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռեյսին լրագրողների հետ զրույցում կարևորեց Իրանի և Հայաստանի համագործակցությունը։ «Համագործակցություն պետք է լինի հատկապես սեյսմիկ ոլորտում։ Ինքս բարձր եմ գնահատում նախարարությունում ստեղծված պայմանները, և ես շնորհավորում եմ նախարարին, քանի որ տեսնում եմ, թե անցած տարվա համեմատ ինչ առաջընթաց է գրանցվել այստեղ»,- ասաց նա։