ԿարևորՔաղաքական

Հայաստանը ձեռք է բերում հակաօդային պաշտպանության համակարգեր, հեռահար հրթիռային գերճշգրիտ միջոցներ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
«Մենք պետք է վերարժևորենք, վերագնահատենք այն բոլոր դրականը, որ ունեցել ենք արցախյան գոյապայքարի ընթացքում, վերարժևորենք ռազմական գիտության այն ընթացքը, որը բերել է այսօրվա հայոց բանակի ձևավորմանը, այդ ամենը պատշաճ կերպով մատուցենք մեր մատաղ սերնդին»,- այսօր շեշտել է  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով վերջին օրերին գներելաների միջև հայտնի հեռակա բանավեճին ու միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ նա նշել է, որ  հայ իրականության, նորագույն պատմության մեջ եղել են առաջնորդներ, ովքեր իրենց ռազմական, քաղաքական ունակությունների շնորհիվ կարողացել են պայքարը տանել դեպի հաղթանակ։

Հաղթանակի գործընթացում յուրաքանչյուրն իր ուրույն տեղն է ունեցել` հաշվի առնելով, թե քաղաքական կազմակերպչական ջիղերը, թե ռազմական ու ռազմավարական ունակությունները, շեշտեց պաշտպանության նախարարը` հավելելով. «Այսօր ընկնել նրա հետևից, թե ով ինչ թերություններ է ունեցել, կարծում եմ, ճիշտ չի, մանավանդ Վազգեն սպարապետի նկատմամբ, ով մեր առաջնորդն է եղել, բանակի կազմավորման ակունքներում է կանգնել»։ Առաջ գնալու համար պետք է դրականի հիման վրա դաստիարակենք մեր մատաղ սերնդին, ասաց նախարարը` կոչ անելով վերջ տալ անտեղի խոսակցություններին:

Արձագանքելով Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր ուղարկելու վերաբերյալ հարցին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ մինչեւ այսօր արվել է ամեն ինչ, որպեսզի Հակոբ Ինջիղուլյանը համոզված լինի, որ որեւէ հետապնդում չի իրականացվի հայրենիք վերադառնալու պարագայում։ «Ցավոք սրտի՝ Ադրբեջանի հետ պետական կապի բացակայությունը թույլ չի տալիս, որպեսզի մենք լիարժեքորեն օգտագործենք մեր հնարավորությունները. միայն միջազգային կազմակերպություններով ենք փորձում կապնվել Հակոբի հետ»:

Թե ինչ հայտարարություն է արել եւ ուր է ուզում գնալ` մեզ համար, դեռեւս, այդ իրողությունն անհայտ է, հավելեց Սեյրան Օհանյանը: Նա վստահեցրեց, որ հայ գերուն վերադարձնելու աշխատանքները շարունակվում են: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց, որ վերադարձից հետո Հակոբ Ինջիղուլյանը օժանդակություն կստանա, որպեսզի հոգեբանորեն կարողանա շարք կանգնել, շարունակել իր ծառայությունը»։

Արձագանքելով հայոց բանակի սպառազինությանն առնչվող հարցին` պաշտպանության նախարարը նախ շեշտեց, որ սպառազինման գործընթացը կարելի է բաժանել մի քանի ժամանակագրական փուլերի: Վերջին փուլը սկսվում է 2007 թվականից: «2007 թվականից մինչեւ հիմա բարեփոխումների շրջանակներում մենք ձեռք ենք բերում այնպիսի սպառազինություն, որն անհրաժեշտ է Ադրբեջանի առավելություններին հակադրելու համար»:

Առավելապես ձեռք է բերվում, օրինակ, հակաօդային պաշտպանության համակարգեր, հեռահար հրթիռային գերճշգրիտ միջոցներ, որոնք կարող են ստիպել հակառակորդին զերծ մնալ հարձակողական գործողություններից,  պարզաբանեց պաշտպանության նախարարը: Նա նկատեց նաեւ, որ թեպետ քանակական առումով Ադրբեջանի սպառազինությունն ավելի է, սակայն ուժերի հավասարակշռությունը պահպանվում է որակական ու դրանք մասնագիտորեն յուրացնելու առումներով: Սեյրան Օհանյանը նաեւ շեշտեց, որ անցած երեք տարիներին ավելի շատ սպառազինություն է ձեռք բերվել, քան նախորդ տարիներին եւ այդ գործընթացը շարունակվելու է։

Շփման գծում հակառակորդի դիպուկահարների ակտիվացման առնչությամբ Սեյրան Օհանյանը նկատեց, որ դրանք միշտ եղել են, սակայն վերջին շրջանի ակտիվացումները կապված են նաեւ Ադրբեջանում ներքաղաքական գործընթացների հետ: Նախարարը տեղեկացրեց, որ հայկական կողմն անկանոն կրակոցներին չի պատասխանում. փոխարենը` պատասխան են ստանում դիպուկ կրակոցները, ընդ որում` այնպիսի պատասխան, որ հակառակորդն իրեն պատժված է զգում եւ հասկանում է, թե կոնկրետ ինչի համար է պատիժ ստանում։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button