Քաղաքական

Կրոնի անվամբ արվող անօրինականությունները պետք է պատժվեն. ԵԽ երեւանյան համաժողովի եզրակացությունը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Երեւանում այսօր ավարտվել է Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթության  «Կրոնի ազատությունն արդի աշխարհում. մարտահրավերներ եւ երաշխիքներ» խորագրով հանդիպումը: Մասնակիցներն ամփոփել են հանդիպման արդյունքները` հակիրճ ներկայացնելով համաժողովի ընթացքում հնչած ելույթների, առաջարկությունների հիմնական շեշտադրումները:

Համաժողովը որեւէ փաստաթուղթ չի ընդունել, փոխարենը` ձեւակերպվել են եզրակացություններ, որոնց առանցքում մեկ հիմնական նպատակ է դրված` օժանդակել փոխվստահության, հանդուրժողականության, միջկրոնական ու միջեկեղեցական երկխոսության համար անհրաժեշտ հիմքերի ստեղծմանը: Գլխավոր եզրակացություններից մեկն էլ այն է, որ գոյություն ունեցող թյուրըմբռնումները հաղթահարելու համար միակ ձեւը Եվրոպական Միությունն է։

Կրոնական ազատություններին ու մարտահրավերներին նվիրված խորհրդաժողովի մասնակիցները, ամփոփելով երկօրյա քննարկումների արդյունքները, ձեւակերպում են մի շարք եզրակացություններ: Հակիրճ անդրադառնալով դրանց` Բարձրաստիճան հոգեւորականների եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Շտեյն Վիլումշտադն ընդգծեց, որ ըստ էության ԵԽ երկրներում ընդունված կանոնակարգերն ու օրենքները բավարար են` ոլորտում առկա իրավունքներն իրացնելու համար: Այլ բան է դրանց կիրառումը, շեշտեց ԵԽ ներկայացուցիչը։

ԵԽ Միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի լրատվամիջոցների եւ մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբի պատասխանատու, Ժողովրդավարության հարցերով խմբի փոխնախագահ Գաբրիել Նիսիմն իր հերթին նշեց, որ բոլոր իրավունքները պիտի իրացվեն պատասխանատու կերպով` միաժամանակ հնարավորություն տալով նաեւ մյուսներին` իրացնելու իրենց իրավունքները:

Միջկրոնական հանդուժողականության առումով կան բազմաթիվ օրինակներ տարբեր երկրներում եւ դրանք պետք է ուսումնասիրվեն ու դառնան դասեր քաղելու աղբյուր, եզրակացնում են ԵԽ միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013 թվականի հանդիպման մասնակիցները: Նրանք նաեւ արձանագրում են, որ կրոնի անվամբ արվող անօրինականությունները պետք է դիտվեն օրինախախտում եւ պատժվեն:

Համաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաեւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության խնդիրներին` արձանագրելով, որ դրանք գոյություն ունեն բոլոր երկրներում, հատկապես, երբ ներկայումս ավելի շատ են մարդկանց տեղաշարժերը տարբեր երկրներ: ԵԽ ներկայացուցիչներն արձանագրում են, որ Եվրոպայում տվյալ պահին մահմեդականների եւ քրիստոնեաների միջեւ կա շփում, սակայն, միաժամանակ, հաճախ հանդիպում են նաեւ փոխադարձ անհանդուրժողական դեպքեր: Համաժողովի մասնակիցները հորդորում են տարբեր կրոնի ներկայացուցիչներին` իրենց միջավայրում ընդունել իրենց ուղղված քննադատություն, եթե անգամ քննադատությունն ուղղված է տվյալ միջավայրում մեծամասնությանը։

Համաժողովի մասնակիցների եզրակացություններից մեկն էլ վերաբերում էր կուսակցություններին: Նրանք շեշտում են, որ տարբեր երկրներում կուսակցություններն էլ չպետք է յուղ լցնեն խարույկին` կրոնական փոքրամասնություններին օգտագործելով իրենց ընտրական նպատակների համար։

ԵԽ մարդու իրավունքների եւ հակախտրականության տնօրինության ղեկավար Մարիա Օչոա-Լլիդոն էլ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ամփոփելով երկօրյա համաժողովի արդյունքները, եզրափակեց, թե բոլորը պիտի հասկանան պատասխանատվությունը խտրականության դեմ եւ պատասխանատվությունը հանդուրժողականության հարցում։

Ցուցադրել ավելի
Back to top button