Կանխորոշված հանդիպում. այսպես է Սարգսյան- Պուտին հանդիպումը գնահատում Լարիսա Ալավերդյանը


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Ես սկզբունքներ ունեմ և չեմ բանավիճում որևէ անձի հետ, որի հետ չունեմ ընդհանուր եզր գաղափարախոսության մեջ»,- Հայելի ակումբում բանավեճի հրավիրված «Ընդդեմ իրավական կամայականության» հասարական կազմակերպության նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսպես է արձագանքել, երբ տեսել է, որ ընդդիմախոսը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն է։ Վերջինս էլ իր հերթին է նկատել, որ բանավիճելու ցանկություն չունի, սիրով կպատասխանի լրագրողների հարցին: Բանավեճ ըստ էության ստացվել է: Բանախոսները կարծիքներ են փոխանակել այսօր երեկոյան ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման ու քաղաքացիական ակտիվության շուրջ։
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպելու է իր ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ երկու երկրների առաջնորդները քննարկելու են Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուն վերաբերող հարցերը։
Կանխորոշված և պարտադրված այց՝ պարտադրված ոչ թե անձերի, այլ ստեղծված իրավիճակի. նախագահի մոսկովյան այցն այսպես է բնութագրում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հստակեցնելով. «Ես համոզված եմ, որ Հայաստանն իր աշխարհաքաղաքական և անգամ աշխարհագրական դիրքի շնորհիվ հենց այսպիսի վիճակներում կամ ստեղծված իրավիճակներում ստանձնում է բոլորովին այլ դերակատարություն, որի մասին շատ լավ տեղեկացված են»։
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, թեև չցանկացավ կանխատեսումներ կատարել, այդուհանդերձ ընդգծեց, որ Մաքսային միությանը վերաբերող խնդիրներ այդուհանդերձ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները քննարկելու են: Որպես ռազմավարական գործընկեր պատգամավորը բնական է համարում, որ երկու երկրների նախագահների հանդիպեն։
Փակ շուկայի վերակառուցման ու վերանորոգման շուրջ կրքերը չեն հանդարտվում: Շինարարի աչքերով շուկային նայող ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցնում է, որ հիմքերն իսկապես խարխլված էին և ինքն ուրախ է, որ գտնվել է մեկը, որ կվերանորոգի այն։ «Ես ինքս, երբ սկսեցին Փակ շուկայի հիմքերը բացել, տեսա, թե այնտեղ ինչ էր կատարվում: Ես ուրախ եմ, որ էդ հիմքերի պայմաններում այսօր մարդիկ փորձում են ներդրում անել»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը։
Չնայած Փակ շուկայի վերանորոգումը գրեթե ավարտված է, այդուհանդերձ, պատգամավորի կարծիքով, պատմամշակութային արժեքի ընդհանուր տեսքը կպահպանվի ու այն չի խաթարվի և զուգահեռ կունենա նաև ժամանակակից տեսք, որը հնարավորություն կտա աշխատետեղեր ստեղծել։
Կատարվող իրադարձություններին Լարիսա Ալավերդյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Ես պետք է հստակեցնեմ, որ ստեղծված իրավիճակը խոսում է անիշխանության մասին: Ի՞նչ է նշանակում, որ իրեն անօրինականություն կատարողին տուգանել են, հետագայում զգուշացրել են, բայց գործը գնացել է այն հունով, որով ավիրվել է ազգային, մշակութային արժեք հանդիսացող որևէ օբյեկտ: Դա նշանակում է, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին»։