Մշակույթ

Լեւոն Անանյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զ.), վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 5-ին,  ժամը 12:00-14:00, Հայաստանի գրողների միությունում: Նրան կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում, հայտնում են կառավարական հանժնաժողովից։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի մտավորական և հասարակական գործիչ, հրապարակախոս, թարգմանիչ ու բանաստեղծ Լեւոն Անանյանը վախճանվեց սեպտեմբերի 2-ին, կյանքի 67-րդ տարում անժամանակ վախճանվեց։

Լ. Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971 թ.` «Մանկավարժ» թերթից:
Լ. Անանյանի անունը սերտորեն կապվում է «Գարուն» ամսագրի հետ, որտեղ նա աշխատանքի է անցել 1975 թ., իսկ 1990 թ-ից` գլխավորել այդ հանդեսը։ «Գարունի» էջերում նա հանդես է եկել բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներով, ակնարկներով, էսսեներով, որոնք գրավել են հասարակական լայն ուշադրություն։ Որպես հրապարակախոս նա արժանացել է «Ոսկե գրիչ» մրցանակի (1983 թ.):

Չնայած դժվարին ժամանակներին՝ «Գարունը» նրա ղեկավարած տարիներին շարունակեց մնալ գրական կյանքի բաբախուն զարկերակ և նոր սերնդի հոգևոր-գաղափարական դարբնոց։ Լ. Անանյանի նախաձեռնությամբ 1992 թ. ամսագրին կից հիմնադրվեց «Ապոլոն» հրատարակչությունը, որը բնագրից կատարված թարգմանություններով մեր ընթերցողին ներկայացրեց համաշխարհային գրականության բարձրակարգ նմուշներ:

2001 թ-ից Լ. Անանյանը ղեկավարում էր Հայաստանի գրողների միությունը։ Նրա բեղմնավոր գործունեության արդյունքում հայաստանյան գրական կյանքը նոր վերելք ապրեց։ Հայրենիք-Սփյուռք գրական առնչությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հետևողական ջանքերը, ժամանակակից հայ գրականությունը միջազգային ասպարեզ հանելուն և մեր երկիրը այլ ժողովուրդների գրականության հանդիպատեղի դարձնելուն միտված նրա նպատակային աշխատանքը տվեց շոշափելի արդյունքներ։ Նա հատկապես մեծ դեր խաղաց երիտասարդ գրողների կայացման գործում։ Աշխուժացավ հրատարակչական գործունեությունը` ՀԳՄ հրատարակչություն և տպարան հիմնելու շնորհիվ։ Անմնացորդ ծառայելով գրական ընտանիքի հոգսերին ու խնդիրներին` Լ. Անանյանը զգալիորեն նպաստեց մշակութային կյանքի աշխուժացմանը։

Կազմակերպչական և հասարակական ծավալուն աշխատանքներին զուգահեռ` նա շարունակում էր ակտիվ ստեղծագործական կյանքը. տպագրել է հոդվածներ, կազմել «Գարուն» ամսագրի մատենագիտությունը, խմբագրել գրքեր, հրատարակել «Արմատ և սաղարթ», «Տագնապներ», «Դիմակայություն», «Ժամանակ և ոգի» էսսեների և հոդվածների ժողովածուները, «Հուշանվեր» և «Հավերժ պահմտոցի» բանաստեղծական հատորյակները։ Նրա գրչին է պատկանում նաև «Թատրոնը բեմում և էկրանին» աշխատությունը:

Բարձր է գնահատվել Լ. Անանյանի գործունեությունը. 2008 թ. նրան շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, արժանացել ԼՂՀ պետական և ՀՀ գերատեսչական պարգևների։

Back to top button