Արաքսում կարկուտից հետո գյուղացին փորձում է հողից բերք ստանալ


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր- Արմավիր
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/030913araks.mp3
Մայիսի 12-ի ուժեղ կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի տարածքի Արաքս համայնքի գյուղատնտեսությանը: Համայնքում հողերը բերրի են, այգիներն էլ պտղատու, սակայն այս տարի գյուղացիների չարչարանքը մնաց անօգուտ: Այժմ դեղձի ու սալորի այգիներում որոշակիորեն նշմարվում է ծառապտուղը, բայց ամբողջությամբ վնասված: Այգեգործները հույս կապում են նաև վնասված բերքի հետ:
Թովմաս պապիկի գործն այժմ պահակություն անելն է։ Հասնելու դեպքում իրենք մտադիր են բերքը հանձնել Վանանդի վերամշակող գործարանին: Բայց դեղձը դեռ չհասած թափվում է ծառից, քանի որ ամբոջությամբ ծակծկված է ու որդնած:
Համայնքի պտղի այգիների մեծ մասում բերք չկա: Սարգիս Վարդանյանը վաղ գարնանից իր սեփականաշնորհված հողերում է, ափսոսում է բերքատու այգիների ու բերրի հողերի համար, որոնց ուժը կոտրվեց գարնանային աղետից: Այգիների և վարելահողի մշակության համար մեծ ծախսեր է արել՝ շուրջ 1 մլն 600 հազար դրամ: Եթե անցած տարի Սարգիսը սալորի մեկ ծառից ստացել էր մինչև 150 կգ բերք, ապա հիմա ծառի բերքը չի հասնում նույնիսկ 50կգ -ի, որը հանձնելու է վերամշակող ձեռնարկությանը 1կգ`50 դրամով: Ամեն կերպ փորձում է մեղմացնել կրած վնասները: Տրամադրված օգնություններն իր հաշվարկով առավելագույնը 300 հազար դրամ է: Նրա խոսքերով՝ այդ գումարը իր մշակած խաղողի 1/4 մասը չի կազմում:
Սարգիսը մշակում է նաև բանջարեղեն, որտեղ 2-րդ անգամ է ցանքս կատարել: Սերմերը սեփական միջոցներով հարևան մարզից է ձեռք բերել և այժմ սպասում է բերքի հասունացանը: Ընդհանուր վեգետացիոն շրջանից ետ ընկած բույսը չի հասցնի ապահովել ամբողջ բերքը, քանի որ 15-20 օրից եղանակները փոխվում են, որի հետ ավարտվում է նաև գյուղատնտեսական տարին:
Կարկտահարված հողերում շատ են մրջյունները, պայքարի միջոցներն ապարդյուն են անցել: Հայկ Հովհաննիսյանը իր վնասված սեփականաշնորհված հողում աշնանացան վարունգ է դրել, որի աճը շատ թույլ է: Հայկը մտահոգված է, որ ներդրումները դարձյալ անօգուտ են լինելու։ Կարկտահարությունից հետո գյուղացիներից շատերը մեկնել են արտագնա աշխատանքի, մի մասն էլ հողագործությունը ժամանակավորապես փոխարինել է անասնապահությամբ, որպեազի կարողանան տարին դուրս բերել: