Վերլուծական

ԱՄՆ ու «Ալ Կաիդան» նույն ճամբարում. քաղաքական շահերի տրամաբանությունը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Ողջ աշխարհը շունչը պահած հետևում է Սիրիայում տեղի ունեցող և սպասվելիք ռազմական գործողություններին: Հարցի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միասնական դիրքորոշման բացակայության պարագայում ԱՄՆ և մի շարք այլ երկրներ, այդ թվում և Թուրքիան, արդեն իսկ ազդարարել են Սիրիայի դեմ մոտ օրերս զինուժի կիրառման մասին: Այս գործընթացներից, ըստ արաբագետ Սարգիս Գրիգորյանի, անմասն չի մնացել և մեր արևելյան հարևան երկիրը` Ադրբեջանը, որտեղ անհամբերությամբ սպասում են ԱՄՆ որոշմանը։

Ըստ փորձագետի՝ առկա հակամարտության դիվանագիտական խողովակներով կարգավորման ջանքերը, կարծես, մղվել են ետին պլան և արդյունքում «Ժնեւ-2» վեհաժողովի անցկացման անհրաժեշտությանը գերտերությունները այլևս չեն անդրադառնում։

Սիրիական պատերազմը սպառնում է վերածվել էտնոդավանական հակամարտության, որտեղ Սիրիայի ալավիների վարչակազմին հակադրվում են  Կատարի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի սունիական վերնախավերը: Հենց այս երկրներից են Սիրիա թափանցում նախագահ Բաշար Ասադի զինված հակառակորդ ուժերը։ Սիրիական իշխանություններն էլ վայելում են Իրանի և շիա «Հեզբոլլահ» կազմակերպության անթաքույց աջակցությունը: Այս թեժացող հակամարտությունում առկա է և նավթագազային գործոնը, նկատեց արաբագետը։

Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի ետևւմ կանգնած չէ Ասադի վարչակազմը, համոզմունք հայտնեց Սարգիս Գրգորյանը՝ չբացառելով դրա կրկնությունը ապագայում։ Քիմիական հարձակման հետքերը տանում են դեպի սիրիական ընդդիմություն, քանի որ Ասադը շահագրգռված չէր կարող լինել նման գործողության իրագործման հարցում, իր հերթին պնդեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ-ին  սիրիական հակամարտության հարցում գրավիչ է նավթային հսկայական պաշարների առկայության գործոնը: Կարևոր դեր է խաղում և Իսրաելի անվտանգության ապահովման հարցը: Ամեն դեպքում՝  մեծ պատերազմ չարժե ակնկալել, նշեց Պապյանը:

Սիրիական զարգացումներում փաստացի պաշտոնական Վաշինգտոնը և «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցը, փաստացի, հայտնվել են նույն ճամբարում, ինչպես 80- ականներին Աֆղանստանում` խորհրդային զորքերի դեմ: Այս հանգամանքը չի զարմացնում քաղաքագետին, թեպետ դա անբարոյական, սակայն բնական երևույթ է քաղաքականության մեջ` հաշվի առնելով ընդհանուր շահերի առկայությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button