Քաղաքական

Վերջին երեք տարիներին ձեռք ենք բերել այնքան սպառազինություն, որքան նախորդ 20 տարիների ընթացքում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ ՊԲ N զորամաս: Կառավարության ղեկավարը շրջել է զորամասով, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ստեղծված պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։


Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է բոլոր զինծառայողներին` ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Այս տոնն ունի պատմական նշանակություն ոչ միայն ԼՂՀ-ի բնակչության, այլև մեր բոլորի համար, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այստեղ է կերտվում ոչ միայն ԼՂՀ-ի,  այլև հայ ժողովրդի ապագան, որովհետև սա պայքար է հայկական ինքնության համար, և դուք այդ պայքարի հենց առաջին ճակատում եք գտնվում: Համոզված եմ, որ մենք ձեզ հետ միասին ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամրապնդենք այն հաղթանակները, որոնք արձանագրել ենք ԼՂՀ-ն ձևավորելու ճանապարհին: Մենք պետք է արժանի լինենք զոհված ազատամարտիկների հիշատակին` հենց մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով ամրապնդելով ԼՂՀ-ի պետականությունը»,- ասել է նա։


Պատասխանելով Ադրբեջանի սպառազինման և այդ համատեքստում հայկական կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ զինվորներից մեկի հարցին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջին կարևորագույն կետը մեր երկրի անվտանգության ապահովումն է:
«Դա նշանակում է ժամանակակից բանակ, ժամանակակից սպառազինություն: Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում: Այդ տեսակետից, կարող եք հանգիստ լինել, որ մենք երբեք թույլ չենք տալու, որպեսզի ուժերի հավասարակշռությունը խախտվի: Դրա համար էլ մեր զինված ուժերի  սպառազինման գործընթացը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը:
Միաժամանակ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայկական ԶՈՒ-ի սպառազինման գործում իրենց լուման ունեն նաև Հայաստանի ռազմավարական գործընկերները: ՀՀ կառավարության ղեկավարը դիմելով զինվորներին` նշել է, որ ժամանակակից բանակում ամենակարևորը հենց զինվորներն են` նրանց պատրաստվածության աստիճանն ու խիզախության մակարդակը: «Այդ առումով, մենք ապացուցել ենք մեր հարաբերական առավելությունը: Միաժամանակ, դուք էլ պետք է հասկանաք, որ սպառազինությունից ավելի էական նշանակություն ունեն ձեր կեցվածքն ու խիզախությունը, որը պետք է պահպանեք»:


Տիգրան Սարգսյանն այսօր նաեւ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Նիկոլ Դումանի տուն-թանգարան, ծանոթացել ազգային մեծ հերոսի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:

Այնուհետև վարչապետն իր գրառումն է կատարել տուն-թանգարանի հուշամատյանում, որտեղ նշել է. «Պետք է արժանին մատուցել և գնահատել բոլոր այն մարդկանց ժառանգությունը, ովքեր հայ ազգի ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդման գործում ներ են դրել իրենց մեծ լուման: Նիկոլ Դումանի տուն թանգարանը հենց այդպիսի մի վայր է, որը մենք պարտավոր ենք պահպանել և թողնել մեր հետագա սերունդներին»:

Ցուցադրել ավելի
Back to top button