ՀասարակությունՎերլուծական

Հայաստանում դասագրքաստեղծման ողջ համակարգը ոչ միայն սպառված է, այլև վտանգավոր, ասում են ուսուցիչները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Կրթության ու գիտության նախարարի հրամանգրով 2013-ին  տպագրվող բոլոր նոր` թվով 19 դասագրքերը փորձաշրջան պիտի անցնեին հանրապետության 90 դպրոցներում: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասում է, որ դասագրքերում ուսուցիչներն իրավունք ունեին նշումներ կատարել , արձանագրել թերությունները, որից հետո  իրենց բոլոր դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնեին   ինստիտուտի կողմից մշակված մեթոդական ուղեցույցում: Հունիսին դպրոցներից ստացվել են փորձաշրջանի արձագանքները։ «90 դպրոցներից միայն 12-ն են ներկայացրել նորմալ կարծիք»,- ասում է Բախշյանը։ Հիշյալ 12 դպրոցների ցանկում չկա մայրաքաղաքի որևէ դպրոց:

Փորձաշրջանին մասնակցող  երևանյան 23 դպրոցներից որևէ մեկը արժանահավատ, հարգանք ներշնչող որևէ կարծիք չի ներկայցրել, ինչը, ըստ Անահիտ Բախշյանի, առնվազն տարակուսանքի է արժանի։ «Շուտով կբաժանվեն այդ դասագրքերը և ուսուցիչները կսկսեն վայնասուն բարձրացնել, բայց չէ՞ որ նրանց տրվել էր կարծիք հայտնելու և ինչ- որ բան շտկելու հնարավորություն»։

Դասագրքաստեղծման ներկա ողջ համակարգը «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ոչ միայն սպառված, այլև վտանգավոր է համարում:  Նախարարության հետ կնքված համապտասխան  ծրագրի շրջանակներում  նրա ղեկավարած կրթահամալիրում այսօր բոլորովին այլ ճանապարհով են փորձում առաջ գնալ։ «Սեպտեմբերի 1-ից բոլոր սովորողներն ու ուսուցիչները ներկայանում են նոտբուքով: Այն  դասագրքերը , որոնց մասին խոսում ենք, մեզ համար ընդամենը ուսումնական գրականության օրինակներ են: Մեր նպատակն այն է, որ ինտերնետը վերջապես սկսի ծառայել որպես ուսուցիչ»։

Անահիտ Բախշյանը սա դիտում է որպես այլընտրանք դասագրքային մաֆիային,  իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե երեխաները համակարգիչը կարող են ընկալել զուտ որպես խաղի միջոց, արձագանքում է. «ԱԺ պատգամավորներից շատերն էլ այսօր համակարգիչը միայն խաղի համար են օգտագործում»։

«Աղայանն  ասում էր` նույն նեկտարից մեղուն մեղր է ստանում, օձը` թույն»,- սա էլ Աշոտ Բլեյանն է հավելում, ում համոզմամբ նորագույն տեխնոլոգիաների մուտքը ժամանակակից դպրոց այլընտրանք չունի: Բանխոսներն այստեղ այլ խնդիր են տեսնում` որքանո՞վ է ուսուցիչը  պատրաստ փոփոխությունների հոսքին: Ուսուցիչների վերապատրաստաման պետական քաղաքականության այսօրվա պատկերը,  ըստ Բախշյանի , ամենևին էլ խոստունմալից չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button