Քաղաքական

ԼՂՀ նախագահը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Այսօր՝ սեպտեմբերի 2- ին Արցախը նշում է հանրապետության ձեւավորման օրը, որի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
«Սա այն կարեւորագույն պետական տոնն է, որը մենք ավանդաբար նշում ենք խորին հպարտության ու պատասխանատվության զգացումով համակված:

Հպարտություն` իր ազատությունն ու անկախությունը քաջ զավակների արյամբ նվաճած եւ այժմ էլ ապագան սեփական ձեռքերով կերտող մեր հերոսական ժողովրդի համար:

Պատասխանատվություն` մեծագույն զոհողությունների գնով ձեռք բերած պետականությունն օր օրի ամրապնդելու, հայրենի հողը շենացնելու, սերունդներին ուժեղ ու զարգացած հայրենիք թողնելու համար:

Մենք լի ենք վճռականությամբ ու հաստատակամությամբ` հաջողությամբ ու միասնաբար լուծելու այս բոլոր խնդիրները, լուծելու ամենօրյա համատեղ ու քրտնաջան աշխատանքի միջոցով, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների գործուն աջակցությամբ։
Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, զորացում ու բարգավաճում` Արցախի Հանրապետությանը»,- ասված է ուղերձում։

Ցուցադրել ավելի
Back to top button