Քաղաքական

ԼՂՀ անկախությունը ծնվել է շրջափակման եւ պատերազմի պայմաններում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը նման է հրաշքի, քանի որ այն ձեռք է բերվել շրջափակման և պատերազմի պայմաններում, այսօր հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա՝ ի դեմս ԼՂՀ-ի ունենք տարածաշրջանի ամենակայացած պետությունը` իր ժողովրդավարական ինստիտուտներով և հասուն հասարակությամբ:

Անդրադառնալով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը՝ փորձագետը, ուրախությամբ նկատեց, որ այս ուղղությամբ զգալի աշխատանք իրականացվում է ԼՂՀ իշխանությունների կողմից:

Արցախի անկախության հռչակման տարեդարձը ողջ հայության տոնն է, արձանագրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ ԼՂՀ- ն 2000 թվականից սկսած կորցնում է իր գործնական անկախությունը` կախման մեջ ընկնելով պաշտոնական Երևանից:

Մինչ այդ՝ Արցախը մեծ հետաքրքրություն էր առաջացնում միջազգային ասպարեզում, նշեց Մանուչարյանը, ով 90- ականների առաջին կեսին ՀՀ նախագահի խորհրդականն էր ` ազգային անվտանգության հարցերով:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից ազդարարված Սիրիայի վրա հարձակման պարագայում ադրբեջանական իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման հավանականությանը, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը կփորձեն օգտվել  այդ լարված իրավիճակից: Այս փուլում Հայաստանը պետք է ցուցաբերի զգոնություն և վարի ճիշտ արտաքին քաղաքականություն` հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով:
Նման սցենարը անիրատեսական համարեց  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա կտրուկ քննադատեց ԱՄՆ մտադրությունը Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառման հարցում՝ այն համարելով միջազգային բանդիտիզմ:

Ցուցադրել ավելի
Back to top button